Թրքացման դեմ պայքարող «Հայաստան» խմբակցության անդամը կգործուղվի Իզմիր՝ Թուրքիա

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի սեպտեմբերի 21-24-ը կգործուղվեն Իզմիր (Թուրքիայի Հանրապետություն)։ Այս առնչությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մասին Civic.am-ը տեղեկացավ ԱԺ կայքից։

Կարգադրության մեջ նշված է, որ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Ա. Գևորգյանի՝ Երևան-Իզմիր-Ստրասբուրգ), օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից:

Հատկանշական է, որ «Հայաստան» խմբակցությունն ամիսներ շարունակ բոյկոտում է ԱԺ աշխատանքները և «Դիմադրություն» շարժման շրջանակներում պայքարում էր ՀՀ-ի «թրքացման» դեմ, հանդես գալիս հակաթուրքական կոչերով, «թուրք» անվանում իրենց չմիացող քաղաքացիներին։ Թրքացման դեմ պայքարի առաջամարտիկ Իշխան Սաղաթելյանն էլ, հիշեցնենք, չի բացառել աշնանը մեկնարկելիք նստաշրջանին խորհրդարան վերադառնալը՝ միայն թե սեփական օրակարգով։ Հետևապես Արմեն Գևորգյանը «դավաճանած» չի լինի իր գործընկերներին, խախտած չի լինի բոյկոտի որոշումը, եթե որպես խորհրդարանական իրացնի իր լիազորությունները՝ գործուղվի Թուրքիա։

ԱԺ նախագահի մեկ այլ կարգադրությամբ էլ Արմեն Գեւորգյանը 2022 թվականի սեպտեմբերի 25-28-ը կգործուղվի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության եւ կառավարման հարցերի եվրոպական հանձնաժողովի աշխատանքային խմբի «Խորհրդակցական մասնակցային ժողովրդավարություն» թեմայով քննարկման աշխատանքներին մասնակցելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ