Բիզնեսով 7 մլրդ դրամի եկամուտ ստանալու և կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կազատվի կալանքից 100 մլն դրամ գրավի դիմաց

Մոտ 1 տարի առաջ դատարանի որոշմամբ կալանավորված, կալանքի վերջին ամսիները Երևանի տարբեր հիվանդանոցներում անցկացրած նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կազատվի կալանքից 100 մլն դրամ գրավի դիմաց։ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված՝ պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու և ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին։

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց մասնակի բավարարել նրա պաշտպանների միջնորդությունը՝ թույլատրելի ճանաչվեց խափանման միջոցը 100 մլն դրամ գումարի չափով գրավի և չհեռանալու մասին ստորագրության կիրառմամբ ամբաստանյալ Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու մասին։

100 մլն դրամ գումարը որպես գրավ մուծելուց ու ապացույցը ներկայացնելուց հետո Աղվան Հովսեփյանն անհապաղ ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի գործերով նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Գլխավոր դատախազի, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ։ Իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: Բացի դրանից, նա խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է, ինչպես նաև վատնել է իրեն վստահված, այլ անձի պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:

Ըստ իրավապահների, 68-ամյա Հովսեփյանը, որը 2004-ից դատախազի, ապա Քննչական կոմիտեի նախագահի պաշտոններ է զբաղեցրել, պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք։ Թե ինչ ընկերությունների և գույքի մասին է խոսքը, իրավապահները չեն բացահայտում։

Այս գործով 54 անձ է անցնում՝ վկաներ և տուժողներ, որոնց մեծ մասը, քննիչի փոխանցմամբ, նախկին գլխավոր դատախազի դեմ ցուցմունքներ են տվել՝ վերահաստատելով, որ նա, օրինակ, «Երևան» հեռուստաընկերության դեպքում որպես կաշառք ստացել է դրա բաժնետոմսերի 50 տոկոսը, հետո հանցավոր արարքը թաքցնելու համար դրանք վաճառել է մեկ այլ ընկերության։

Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ՔՕ 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ