Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համար

Ռուսական Մի-8 ուղղաթիռը չորեքշաբթի խախտել է Էստոնիայի օդային տարածքը, հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռուսական Մի-8 ուղղաթիռն օգոստոսի 9-ի երեկոյան առանց թույլտվության մտել է Էստոնիայի օդային տարածք՝ երկրի հարավ-արևելքում գտնվող Կոյդուլա շրջանում․ «Ուղղաթիռն Էստոնիայի օդային տարածքում գտնվել է գրեթե մեկ րոպե: Ուղղաթիռը թռիչքի պլան չի ունեցել. հաղորդիչն անջատված է եղել, բացակայում էր նաև երկկողմանի ռադիոկապն Էստոնիայի օդային երթևեկության ծառայության հետ»։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի կապակցությամբ ԱԳՆ է կանչվել ՌԴ դեսպան Վլադիմիր Լիպաևը, որին բողոքի նոտա է հղվել սահմանը խախտելու համար․ «Էստոնիայի տեսանկյունից սա շատ լուրջ և ցավալի դեպք է, որը ոչ մի կերպ ընդունելի չէ»։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ