«Ընդդիմությունը սպասում է, որ հայերը դուրս գան այդ 3 տարածքներից ու օգտագործեն դա` խոստացված թեժ աշունը ապահովելու համար».Մովսես Հարությունյան

Ստեղծված իրավիճակը ավելի շատ պետք է դիտարկել ոչ միայն վերոնշյալ տարածքների ադրբեջանական տիրապետության տակ անցնելու կոնտեքստում, այլ նաև այն տեսանկյունից, որ փաստացի տեղի է ունենում Նոյեմբերի 9-եռակողմ հայտարարությամբ նախատեսված դրույթի կոպտագույն խախտում խաղաղապահ զորախմբի լուռ թողտվության ներքո։ Այս մասին Araratnews.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մովսես Հարությունյանը։

«Ադրբեջանի ախորժակը մեծանալու է ոչ թե Աղավնոյի, Բերձորի ու Սուսի` իր վերահսկողության տակ անցնելուց, այլ այն հանգամանքից, որ ռուս խաղաղապահները կուլ են տալիս եռակողմ Հայտարարության ոտնահարումը, ուստի դա կարող է Ադրբեջանի համար նոր լեգիտիմ հիմք հանդիսանալ հետագա ոտնձգությունների համար»,–ասաց նա։

Ըստ Մովսես Հարությունյանի՝ սահմանում իրավիճակի լարվածությունը պայմանավորված է բանակցային սեղանին ադրբեջանական կողմի հաղթողի դիրքերից հանդես գալով, որը, ըստ էության, բանակցային գործընթացը հաճախ տանում է փակուղային ճանապարհով ու հանգեցնում նման սահմանային լարվածությունների։ «Պարզ է, որ հայկական կողմը չի կարող մշտապես բանակցել պարտվածի դիրքերից ու գնալ զիջումների։ Այստեղ արդեն կարևորվում է ռուսական և նաև միջազգային այլ խաղացողների գործոնի դերակատարությունը,որոնք պետք է զսպող գործիք հանդիսանան ադրբեջանական անսպառ ախորժակի համար»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա քաղաքագետը ասաց․«Չնայած այս պահին վերջին զարգացումներով պայմանավորված ներքաղաքական գործընթացներ դեռևս չեն մեկնարկել, ամեն դեպքում չեմ բացառում, որ աշնանը ընդդիմությունը կօգտագործի այս առիթը` նորից տալով փողոցային պայքարի մեկնարկ։ Նրանք սպասում են, որ վերջնականապես հայերը դուրս գան այդ 3 տարածքներից, այն անցնի Ադրբեջանի հսկողության ներքո ու օգտագործեն դա` խոստացված թեժ աշունը ապահովելու համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ