Հեղափոխության ժամանակ վիրավորված Զավեն Գրիգորյանին 2 մլն դրամ են տրամադրել

Փաշինյանն այսօր ԱԺ-ում համաձայնեց, որ կարիք չկար այդքան մեծացնել ապրիլյան հեղափոխության օրերին հատուկ միջոցների կիրառումից վիրավորված Զավեն Գրիգորյանի թեման ու նշեց, որ Գրիգորյանի խնդիրները մշտապես եղել են իշխանության ու իր ընտանիքի ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրեց ապրիլյան հեղափոխության օրերին հատուկ միջոցների կիրառման հետեւանքով վնասվածքներ ստացած Զավեն Գրիգորյանի բուժման վերաբերյալ հարցեր։ Այս առնչությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ չէր ցանկանա, որ Զավենի առողջության հարցը շահարկվեր ԱԺ ամբիոնից եւ ներկայացվեր, իբրեւ իշխանություններն անտարբեր են եղել նրա նկատմամբ:

«Ես ինքս եմ Զավենի խնդրով զբաղվել, առողջապահության նախարարն է զբաղվել, հաստատ, անտեսված չի եղել նա: Մոտ 10 օր առաջ նորից էր խնդիր առաջացել, որի մասին նորից բոլորս տեղյակ ենք եղել եւ փորձել աջակցել։ Տգեղ է, տիկին Զոհրաբյան, հեղափոխության կոնտեքստում խոսել մի մարդու մասին, ում չեք այցելել հիվանդանոցում եւ ում չեք ճանաչել»,- մասնավորապես գրել էր պատգամավորը:

Փաշինյանն էլ այսօր ասաց, որ Գրիգորյանին նաեւ 2 միլիոն դրամ աջակցություն են տրամադրել վարչապետի ֆոնդից․

«Ինչ վերաբերում է հատուցմանը, որ պետությունից պահանջում է Գրիգորյանը, դա արդեն իրավական ընթացակարգ է պահանջում եւ դա հենց այդպիսի ընթացակարգով պետք է լուծվի»,-ասաց Փաշինյանը։

աղբյուրը՝  armtimes.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ