«Ի դեմս Թուրքիայի, Ռուսաստանը բացահայտում է տարածաշրջանում իր իրական դաշնակցին».Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրում է.

Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպման արդյունքները իսկապես տպավորիչ են։ Հատկապես տնտեսականը՝ Թուրքիան և Ռուսաստանը որոշել են հաջորդ տարի միմյանց միջև ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Կարելի է համոզված պնդել՝ ի դեմս Թուրքիայի, Ռուսաստանը բացահայտում է տարածաշրջանում իր իրական դաշնակցին։ Մնացյալը ածանցյալ են, մնացյալը, Ռուսաստանի պատկերացմամբ, միջոց են ամրապնդելու այդ դաշնակցությունը։

Հայաստանը առաջարկելու, տալու գրեթե ոչինչ չունի Ռուսաստանին։ Ռուսական ռազմաքաղաքական- աշխարհաքաղաքական նախագծերի ապագան, որոնց մաս է կազմում նաև Հայաստանը, մնում են խիստ անորոշ։
Ի՞նչ անել․․․

Թևերը քշտել՝ առանց նայելու պատերազմ է, թե խաղաղություն, կառուցել մրցունակ, արդիական պետություն։

Հայաստանը պետք է և կարող է դառնալ համայն հայության անվտանգ, ինքնիշխան, ժողովրդավարական հայրենիքը, որի կարևոր երաշխիքներից իր զինված ուժերն են, բայց և ոչ պակաս կարևոր է անխտիր բոլոր հարևանների հետ խաղաղ համակեցության ձգտող և խաղաղության մեջ ապրող հայկական պետությունը։

Չնայած առկա բոլոր խնդիրներին՝ հաղթահարելի և անհաղթահարելի, այն պահից, երբ մենք դադարենք ձգտել ՈՒՂԻՂ խոսել մեր հարևանների հետ, մենք կդադարենք պետություն լինել։
Այդ պահից մենք լեգիտիմ իրավունք կտանք երրորդ երկրներին խոսել մեր իսկ հարևանների հետ՝ Հայաստանի և հայկական շահերի հաշվին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ