«Ակնհայտ է՝ Ռուսաստանն Ադրբեջանի հետ է, պետք է կտրուկ քայլեր անենք». Ստեփան Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, մի քանի օր է Արցախում հակառակորդը դիմում է սադրանքների,ինչի արդյունքում մենք զոհեր ու վիրավորներ ունենք։ Տեսնում ենք, որ այդ ամենը տեղի է ունենում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, սակայն ոչ նրանց պատշաճ արձագանքի պայմաններում։ Անգամ ՀԱՊԿ-ն է նորից անհասցե հայտարարությամբ հանդես եկել։ Ինչքանո՞վ եք հնարավոր համարում միջազգային այլ մեխանիզմներին դիմելը, ինչպես այսօր հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

-Ինչքան մենք ձգձգենք միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին դիմելը, այդքան մեր իրավիճակը կբարդանա։ Ցավով եմ ասում՝ Ռուսաստանն Ադրբեջանի հետ է և դա այսօրվա պատմություն չէ։ Մենք զգուշացրել ենք և՛ նախկին և՛ այսօրվա իշխանություններին։ Դժբախտաբար մտավախություններ կան՝ առ այն, որ եթե Ռուսաստանը չլինի՝ մեզ հետ ինչ կլինի։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այսօր Ռուսաստանը միանշանակ Ադրբեջանի հետ է՝ Փառուխ գյուղի, Սև լճի հետ կապված բոլոր գործողությունները Ադրբեջանը համաձայնեցնում է Ռուսաստանի հետ։ Այն, որ մենք այս ամենը բավականին ուշ ենք հասկանում՝ պարզ է, որ բարդ հետևանքներ կունենա։ Եթե այսպես շարունակվի՝ մենք ամեն ինչ կկորցնենք։ Ես հուսով եմ, որ մեր իշխանությունները դա հասկանում են ու կգնան ավելի համարձակ ու կտրուկ քայլերի։ Հարցն այն չէ, որ մենք ինչ-որ մեկին ուզում ենք դավաճանել։ Ռուսաստանը մեզ դավաճանեց ու ի պաշտոնե այդ մասին խոսում է։ Վերջին զինադադարի խախտումն այնքան պարզունակ է, որ զարմանալի է, որ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ այդ մասին չխոսվեց։ Պաշտպանության նախարարությունը ճիշտ արձագանքեց՝ ասաց, որ կա զինադադարի խախտում Ադրբեջանի կողմից։Բայց աշխարհի համար գլխավորն այն է, թե ինչ է ասում Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Աշխարհն ընդունեց, որ այնտեղ ռուս խաղաղապահներ են, ուրեմն առաջին հերթին նայում է, թե ինչ է ասում Ռուսաստանը։ Մենք տեսանք Եվրամիության, տարբեր պաշտոնյաների հայտարարություններ։ Դրանք լավն էին, կոչ էին անում, որ խաղաղություն լինի, բայց քանի որ իրենք հողի վրա ներկա չեն, դիտորդ չունեն, հստակ չեն կարող ասել, թե ինչ է եղել։ ԵԱՀԿ-ն այժմ նախագահում է Լեհաստանը,որի արտգործնախարարությունը հայտարարություն արեց, կոչ արեց, որ խաղաղություն լինի, զինադադարը չխախտվի։Այո՛, այդ կոչերը լավն են, բայց անհասցե են, որովհետև հողի վրա դիտորդ Ռուսաստանը ոչինչ չի ասում։

Ուստի մենք ինչքան Ռուսաստանի հետ հույսեր կապենք, այդքան ավելի շատ կորուստներ կունենանք։ Ես կոչ եմ անում և՛ հասարակությանը և՛ իշխանություններին մի փոքր ավելի արագ արձագանքել ու եզրակացություններ անել, դիմել միջազգային հանրությանը՝ պահանջել, որ այստեղ դիտորդներ ուղարկեն միջազգային կառույցները։

-Դուք նշում եք, որ այդ կոչերը լավն են, բայց անհասցե։ Մեծ հաշվով՝ դրանք մեզ ինչ-որ բան տալի՞ս են, ինչու՞ է Ուկրաինայի դեպքում կոչերին հետևում կոնկրետ գործողություն։

–Հարցադրումը ճիշտ է և ունի հստակ պատասխան։ Ուկրաինային աջակցում է արևմուտքը, դեմոկրատական աշխարհը՝ Եվրամիության անդամները, դեմոկրատական աշխարհի այլ ներկայացուցիչներ։ Ինչպե՞ս կարող է արևմուտքը մեզ աջակցել, եթե մենք զորախումբ ունենք Սիրիայում՝ Ռուսաստանի հետ միասին, ինչպե՞ս աջակցեն մեզ, երբ մենք Ռուսաստանը մեզ ռազմավարական դաշնակից ենք համարում, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ ենք։Ուրեմն մենք պետք է կտրուկ քայլեր անենք՝ օրինակ ՀԱՊԿ-ից դուրս գալու պրոցես սկսենք, Սիրիայից մեր խումբը դուրս բերենք։ Եթե դու Ռուսաստանի դաշնակիցն ես, արևմուտքն ի՞նչ կարող է անել։ ՀԱՊԿ-ն ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի դեմ է, ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն գալ ու քեզ օգնել։ Երբ հարցադրում են անում՝ Ուկրաինային օգնում են, մեզ՝ ոչ, պետք է հարց տանք՝ իսկ մենք ի՞նչ ենք անում։ Միայն վերջին շրջանում կառավարությունը սկսեց ավելի բազմավեկտոր քաղաքականություն վարել, ինչը ես ողջունում եմ, բայց բանալի հարցերում՝ մենք Ռուսաստանի կողքն ենք։Մենք դրանով աշխարհը մեզնից վանում ենք, սահմանափակում այլ երկրների՝ մեզ աջակցելու հնարավորությունը։

-Ադրբեջանի գործողությունները նաև ռուսաական խաղաղապահների իմիջին վնաս չե՞ն հասցնում, ինչքանո՞վ է դա ընդդեմ Ռուսաստանի։

-Իհարկե առաջին հերթին դա հարված է Ռուսաստանի հեղինակությանը, քանի որ ստացվում է, որ Ադրբեջանը թքում է Ռուսաստանի խաղաղապահների առկայության վրա։ Բայց չմոռանանք, որ ավտորիտար կոշտ ռեժիմները հաճախ գործում են հակապետականորեն։ Օրինակ՝ պուտինյան ռեժիմը Կովկասում հակապետական քաղաքականություն է վարում։ Ադրբեջանը Ռուսաստանի հետ չէ, Թուրքիայի հետ է, այլ խաղացողների հետ։ Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին։ Սա առաջին օրինակը չէ, երբ կլանային շահերը չեն համընկնում պետական շահերի հետ։ Պուտինի խմբի շահերն ակնհայտորեն չեն համընկնում Ռուսաստանի շահերի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ