Վլադիմիր Գասպարյանի ունեցվածքը կալանքի տակ է. Նախկին ոստիկանապետի դեմ դատական գործ է սկսվել

Ինչպես հայտնում է hetq.am

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել: «Հետք»-ը 2018 թ.-ի օգոստոսին ներկայացրել էր, թե ինչպես է նախկին ոստիկանապետը մի քանի գործարքի արդյունքում 3 միլիոն դոլարանոց առանձնատունը ձեռք բերել ընդամենը 200 հազար դոլարով: Մեր հրապարակումից հետո քրեական գործ էր հարուցվել, որը տեղից չի շարժվում:

Քննության առարկա դարձած առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը մեր հրապարակումից հետո դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Նա նախկին ոստիկանապետի կնոջ մորից՝ Հեղուշ Գալստյանից, պահանջել է վճարել առանձնատան գումարը՝ 900 միլիոն դրամը, որը մինչ օրս չի ստացել:

Դանիելյանը տունը վաճառել էր Հեղուշ Գալստյանին, սակայն գումարը չէր ստացել: Դրանից հետո Գալստյանը չէր կատարել բանկում ստանձնած իր պարտավորությունները, որից հետո բանկը աճուրդում առանձնատունը վաճառել էր Գասպարյանի կնոջ ազգականին, որն էլ այն նվիրել էր Գասպարյանի որդուն: Դատաքննության սկզբում Աղասի Դանիելյանը փոխել է հայցի առարկան՝ դատարանից խնդրելով նաև, որ պատասխանողներ համարվեն նախկին ոստիկանապետն ու նրա կինը:

Դրանից հետո, Դանիելյանը միջնորդել է, որ 900 միլիոն դրամի չափով արգելանք դրվի Գասպարյանի ընտանիքի անդամների գույքի և հաշիվների վրա: Դատարանը բավարարել է միջնորդությունը, իսկ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը վարույթ է սկսել և արգելանքի տակ առել նշված անձանց հաշիվներն ու գույքը:

Արգելանքի տակ են՝ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի անունով գրանցված խնդրո առարկա առանձնատունը, Գասպարյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատունը, Ջրվեժում գտնվող անշարժ գույքը: Կալանքի տակ են նաև Վլադիմիր Գասպարյանի «Մերսեդես բենս» S450 4MATIC և «ՎԱԶ-21013» ավտոմեքենաները, բանկում ունեցած հաշիվները:

Մանրամասն` ասյտեղ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ