«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։
-Պարոն Մալխասյան, 2008 թվականի մարտի 1-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, մարտիմեկյան գործով ներկայումս որպես մեղադրյալ անցնող Սեյրան Օհանյանը տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ նշում է, որ Մարտի 1-ի գործը հիմնված է նախկին երեք նախագահների եռանկյունու վրա և այդ համատեքստում անհավասար պայմաններում է Քոչարյանը, որը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի, գտնվում է կալանքի տակ։ Ի՞նչ կարծիք ունեք նրա այս դիտարկումների մասին։
–Մարտի 1-ը պետական մակարդակով առանձնապես ծանր հանցագործություն էր հայ ժողովրդի նկատմամբ։ Այսինքն՝ պետության ղեկավարը խախտել է Սահմանադրության կարգը, բանակը հանել ժողովրդի դեմ, բանդաներին զինել ու դիմահար կրակ բացել ժողովրդի վրա ու հայ ժողովրդի տասնյակ դիակների վրայով եկել իշխանության։
Իհարկե, ամենագլխավոր մեղավորը Գերագույն գլխավոր հրամանատարն է, մյուսները պատճառաբանում են, թե գիտեինք, որ սխալ էր, բայց չէինք կարող չենթարկվել, հրաման ենք կատարել։ Հիմա հարց է առաջանում, իսկ եթե հրամայեին կրակել մորդ կամ երեխաներիդ վրա՝ կկրակեի՞ք, իհարկե ոչ։ Սեյրան Օհանյանի և մյուսների արդարացումները բացարձակապես հիմնավորված չեն։ Բոլորը պետք է պատասխան տան։ Որոշ մարդիկ բարբաջում են, թե Լևոն Տեր-Պետրոսյանն էլ պետք է պատասխան տա, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը հո բանակը չհանեց ժողովրդի դեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ տուժող և վկա էր, և այդ կարգավիճակում, այո՛, պետք է հարցաքննվեր, կարող է նորից տանեն հարցաքննության կամ առերեսման։ Սա մասշտաբային գործ է, և տաս տարի շարունակ նախկին պատկան մարմինները կոծկել են ամեն ինչ, ոչնչացրել բոլոր ապացույցները։ Հիմա շատ դժվարին վիճակում են հայտնվել նախաքննության մարմինները, Հատուկ քննչական ծառայությունը։ Բայց Փաստահավաք խմբի ներկայացրած փաստերը, Տիգրան Պասկևիչյանի նկարած ֆիլմը ամբողջությամբ բավարար է, որ խստագույնս պատժվի և՛ Քոչարյանը և՛ Սերժ Սարգսյանը։ Կարծում եմ, որ իրավիճակը կզարգանա այն ուղղությամբ, որ կկալանավորվի նաև Սերժ Սարգսյանը, նրան անպայման կկալանավորեն, պակաս մեղքեր չի գործել։
-Այսինքն՝ Սերժ Սարգսյանին և՞ս կալանավորեն Մարտի 1-ի գործով
-Միայն Մարտի 1-ի գործը չէ, հարյուրավոր մեղադրանքներ կարելի է առաջ քաշել, նրանք բոլոր ուղղություններով հանցանքների մեջ են թաղված։ Երկրի ամբողջ ունեցվածքը թալանեցին, երկրից դուրս հանեցին, մեր ամբողջ հանքային հարստությունները կողոպտեցին, ամեն ինչ քիչ-քիչ ջրի երես դուրս կգա, ու պետք է խստագույնս պատժվեն առաջին հերթին երկրի Գերագույն գլխավոր հրամանատարները։
Բրազիլիայի նախկին նախագահին 12 տարվա ազատազրկման են դատապարտել, որովհետև պարզել են, որ նրա նախագահության շրջանում ինչ-որ շինարարական կազմակերպություն նրա համար տուն է սարքել, որն արժե 30.000 դոլար։ Ինչպե՞ս է ստացվում, որ այդքան գումարի համար կալանավորում են, իսկ այստեղ երեք միլիարդ են գողացել՝ չեն կալանավորում։ Պարտադիր պետք է կալանավորվեն Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանն ու մյուսները։ Նրանք չեն կարող արդարանալ՝ նշելով, որ հրաման են կատարել։ Միքայել Հարությունյանը ևս պետք է պարտադիր կալանավորվի, ու այս կծիկը պետք է բացահայտվի։ Եթե չբացահայտենք, ապա նոր Մարտի 1-եր կարող են առաջիկայում լինեն։
-Այսինքն՝ կարծում եք, որ անհիմն են այն հայտարարությունները, թե Քոչարյանի նկատմամբ անձնական վրեժխնդրություն է տեղի ունենում։
-Բոլորովին, այստեղ անձնական վրեժխնդրության ոչ մի երանգ գոյություն չունի։ Հրաման են տվել ու սպանել անմեղ մարդկանց, ռամիլսաֆարովների նման գիշերով գաղտագողի դավադիր դուրս եկել հայ ժողովրդի դեմ, արյան, դիակներով եկել իշխանության։ Եկել է հատուցման օրը։ Պետք է պատասխան տան բոլորն անխտիր։
Նյութի աղբյուր