«Մեր լվացքի մեքենայի վարկը դեռ չենք մարել». վարչապետ Փաշինյան

«Մեր տանն ինչ կա` լվացքի մեքենա, սառնարան և այլն, մենք ապառիկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում: Ամիսն ընդամենը 6000 դրամ վճարելով դու ձեռք ես բերում լվացքի մեքենա:

Հարց` ինչո՞ւ միանգամից 300 հազար դրամը տաս, վերցնես, եթե ամիսը 6000 դրամով կարող ես ձեռք բերել: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մենք մինչև հիմա չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք գնել»,- ասաց վարչապետը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելեց. «Պարոն վարչապետ, հենց այդ նույն տրամաբանությամբ ապառիկով հեռուստացույց վերցնելու գնացի, էն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին, ես չվճարած տուգանք ունեի»:


Փաշինյանը նշեց, որ հիմա վաղը կգրվի, որ Արարատ Միրզոյանը Արտակ Զեյնալյանի հետ պրոբլեմ ունի ներքաղաքական: «Կգրեն ինքը ձեր ոտքի տակն է քանդում, դուք էլ իր, և ինքը հարկադիրով ձեր հաշիվների վրա կալանք  է դրել:

Դուք իզուր դա ասեցիք, Դուք նոր մեծ քաղաքական հսկայական ինտրիգ դրեցիք դաշտում, որն առաջիկա 6 ամիսների քննարկման հիմնական նյութն է լինելու»,- ասաց Փաշինյանը և հարցրեց Զեյնալյանից. «Հա ընդ որում, ե՞ս եմ ասել, որ կալանքը դուք դնեք, թե՞ ես չեմ ասել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ