«Հանրապետություն» կուսակցության կոչը ՀՀ-ում ՌԴ դեսպանին.

Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման առիթով ՀՀ-ում ՌԴ դեսպանի տարածած հայտարարության առնչությամբ ստիպված ենք նրան հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է և բաց աշխարհի առաջ, ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը բխում է ինչպես մեր, այնպես էլ Արցախի շահերից։ ՌԴ-ն հակված է տարածաշրջանային խնդիրները լուծել ռուս-թուրքական համաձայնություններով, կամ՝ 3+3 ձևաչափում, որը գրեթե նույնն է, իսկ դա հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին:

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է Կանադայի դեսպանության բացումը մեր երկրում՝ վստահ, որ հայ-կանադական հարաբերությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա թե ՀՀ անվտանգության, թե ժողովրդավարության ու տնտեսության զարգացման վրա։

«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում ՀՀ-ում ՌԴ դեսպանին աշխարհում տեղի ունեցող ողբերգական իրողությունների շուրջ վերացական մեղադրանքներ հնչեցնելու և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղորդման փորձերի փոխարեն՝ սեփական երկրի ագրեսիան Ուկրաինայի ինքնիշխան տարածքում դադարեցնելու ջանքեր գործադրել։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

 


Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ