«Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազմում»․ Մակրոն

«Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազմում». BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բավարիայում G7-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մեր աջակցությունն Ուկրաինային և Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և այնպիսի ինտենսիվությամբ, ինչպիսին անհրաժեշտ է՝ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- ասել է նա։

Խոսելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի ցանկության մասին՝ մինչև տարեվերջ դադարեցնել պատերազմը, Մակրոնը պատասխանել է.

«Ոչ ոք չի մտածում առաջիկա շաբաթներին կամ ամիսներին պատերազմն ավարտելու մասին»։

Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ պատերազմից ելք կգտնվի, բայց միայն այն պայմանով, որ «Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի»։

Ֆրանսիայի առաջնորդը հրաժարվել է Ռուսաստանին անվանել «ահաբեկչություն հովանավորող պետություն», ինչի մասին ավելի վաղ կոչ էր արել Զելենսկին։ Միաժամանակ Մակրոնը ուկրաինական Կրեմենչուկի առևտրի կենտրոնի վրա ռուսական հրթիռային հարձակումն անվանել է «ռազմական հանցագործություն»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են ավարտվել «մինչև օրվա վերջ», եթե Կիևը ազգայնականներին հրամայի վայր դնել զենքերը։ Իսկ ՌԴ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Կրեմենչուկի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ