Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաների մասին

Հայաստանում գործող բիոլաբորատորիաները 100 տոկոսով Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անցկացվող ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում գործող բիոլաբորատորիաների առնչվող հարցին: Լրագրողը նշում է, որ ռուսական կողմը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով այն մասին, որ Հայաստանում գործում են բիոլաբորատորիաներ, որոնց շրջանակներում կա փոխգործակցություն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, այդ թվում՝ռազմական գերատեսչությունների գծով, բացի այդ՝ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ Հայաստանում առկա են Ուկրաինայի կենսաբանական նախագծերին մասնակցած կառույցներ:

«Ճիշտ է, դա ստեղծվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Այդ թեման բարձրացվել է 2018 թվականին, Ռուսաստանի մեր գործընկերները մտահոգություն են բարձրաձայնել, և մենք հրավիրել ենք իրենց, ասել ենք՝ եկեք ու ցույց տվեք, թե ինչումն է մտահոգությունը: Եղել են այցելություններ, քննարկումներ և որևէ մտահոգություն չի հայտնվել այդ քննարկումների արդյունքում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության փաստաթուղթ, և երկու երկրների միջև առկա է սերտ համագործակցություն այդ ոլորտում, շարունակելու են համագործակել:

«Բայց դա չի նշանակում, որ գիտության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում մենք այլ երկրների հետ չենք համագործակցելու: Այլ բան, որ մենք պետք է նայենք, որ այդ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության համար սպառնալիք ստեղծում է, թե չէ: Մենք երաշխավորում ենք, որ մեր համագործակցության ընթացքում մենք մեր դաշնակիցների համար սպառնալիքներ չենք ստեղծել և չենք ստեղծի: Չնայած մենք մտահոգություններ լսում ենք, փորձում ենք հասկանալ՝ գուցե ինչ-որ բան բաց ենք թողել: Եթե պարզվի, որ ինչ-որ բան բաց ենք թողել և սպառնալիք ենք ստեղծում, չնայած այդպիսի բան չի կարող պարզվել, մենք բաց ենք այդ քննարկումների համար: Ես մտահոգությունները արտահայտել եմ այդ հրապարակային հայտարարությունների հետ կապված, բայց մինչև այս պահը որևէ կոնկրետ տեղեկատվություն դրա առնչությամբ չեմ ստացել»,- եզրափակեց Փաշինյանը:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ