«Ընդդիմության առաջնորդներից մեկը շատ մեծ ջանքեր էր գործադրել՝ նստելու համար այն տեղում, որտեղ ես եմ նստել պատգամավոր եղած ժամանակ». Վարչապետը՝ ընդդիմության ակցիաների տապալման մասին

Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ «Շաբաթ.am»-ի հարցին, թե ինչու տապալվեցին ընդդիմության հանրահավաքները, Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ իր ամբողջ մտավախությունը կապված էր տնտեսական ակտիվության ցուցանիշների վատթարացման հետ. «Բայց այսօր Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց մայիսի տնտեսական ցուցանիշները, և պարզվեց, որ մենք մայիսին ավելի բարձր՝ 13.3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել, այսինքն՝ մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի հարթություն»:

Ինչ վերաբերում է ընդդիմության գործողություններին, վարչապետը նկատեց, որ նրանք փորձում էին 2018-ի հեղափոխության նույն քայլերը կրկնել. «Մեզնից առաջ Ֆրանսիայի հրապարակում ոչ ոք ակցիա չէր արել: Կրկնում էին նույնիսկ բառապաշարը, շարժուձևը. մարդկանց թվում էր, թե ուրիշները չե՞ն նկատում. դա առնվազն ծիծաղելի է: Նույնիսկ ընդդիմության առաջնորդներից մեկը շատ մեծ ջանքեր էր գործադրել՝ նստելու համար այն տեղում, որտեղ ես եմ նստել ԱԺ պատգամավոր եղած ժամանակ»:

Վարչապետի խոսքով՝ նոր կոմպոնենտը «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսն էր. «Բայց ԱԺ իմ վերջին ելույթում ես ցույց տվեցի, թե ինչի մասին են բանակցել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ