Նիկոլ Փաշինյանը՝ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության մասին

Իր առցանց ասուլիս ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված աղմկահարույց ձայնագրությանը։

Նա նշեց, որ անկախ դատական համակարգ ունենալը իշխող քաղաքական ուժի իդեալն է․ «Հայաստանում կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ դատավորներ, սակայն դատական համակարգում նաև խմբավորումներ, կլաններ ու հովանավորություններ կան։ Այդ նույն Ռուբեն Վարդազարյանը՞ չէր 2019-ին հարցազրույց տալիս ու ասում՝ որ պահին վարչապետն ասի, որ հրաժարական տամ, ես հրաժարական կտամ։ Դրանից հետո հայտարարություններ էր անում Կառավարության դեմ։ Բա, դատական համակարգի վերաբերյալ վարչապետի քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չտվեց»։

Հարցին՝ Գագիկ Ջհանգիրյանին «առաջադրանքը» ինքն էր տվել, թե ոչ, Փաշինյանը պատասխանեց՝ երկրի բարձրագույն իշխանությունը արտահայտել է և շարունակում է արտահայտել իր մտահոգությունը դատական համակարգում առկա իրավիճակի վերաբերյալ․ «Բայց դա չի նշանակում, որ պիտի դադարեցնենք անկախ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը և պիտի ասեմ, որ այդպիսի երկիր չկա, որ մի գործողությունով դատական համակարգում փոփոխություններ են լինում»։

Նա ավելացրեց, որ ձայնագրությունը պետք է պատշաճ քննության արժանանա և ինքը կարծում է, որ այն մտահոգիչ է։

Հիշեցնենք, որ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Այն լսելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձում է համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ