Ինչ դիրքորոշում ունի վարչապետը ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատից զրկելու վերաբերյալ

«Ես ինքս եղել եմ ընդդիմադիր պատգամավոր, մասնակցել եմ հանրահավաքների, հեղափոխություն ենք արել, բայց երբեք մեկ նստաշրջանի կեսից ավելի նիստերից չեմ բացակայել»:

Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայկական ժամանակի» այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի վերջինս ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի շարք պատգամավորների անհարգելի բացակաների վերաբերյալ և արդյոք ընդունո՞ւմ է նրանց այն տեսակետը, թե իրենց ժողովուրդն է մանդատ տվել, և ոչ ոք չի կարող մանդատից զրկել:

Փաշինյանի խոսքով՝ ականջ է ծակում նրանց այդ հայտարարությունները. «Եթե ես չլինեի պատգամավոր, խիստ կասկածում եմ, որ մեր քաղաքական թիմը կկարողանար անել այն քաղաքական գործընթացները, որոնք եղան»:

Վարչապետը նշեց՝ Սահմանադրությունն ու օրենքը հստակ ասում են՝ ինչպես են մանդատ ստանում պատգամավորները և ինչպես են այդ մանդատներից զրկվում:

«Ընթացակարգ գոյություն ունի: Ես տեղյակ եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում այս թեմայով քննարկում է տեղի ունենալու: Եթե ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, հետո պետք է դիմել Սահմանադրական դատարան: Մեր թիմում դեռ քննարկում ու որոշում այս թեմայով չի եղել, հետևաբար ես իմ անձնական դիրքորոշումը հրապարակել ճիշտ չեմ համարում»,- ընդգծեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ