Նիկոլ Փաշինյանը հայտնեց Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը

Այսօր՝ հունիսի 27-ին, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցը վերաբերում էր դարձյալ գերիների վերադարձին: «Նախորդ տարի որոշակի պարբերականությամբ տեղի էր ունենում Բաքվում պահվող հայ գերիների վերադարձ, մինչդեռ այս տարի խոշոր խմբերով վերադարձ չի եղել: Ինչո՞վ է սա պայմանավորված, ի՞նչ աշխատանք է տարվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու ուղղությամբ, և կա՞ն Ադրբեջանում պահվող ռազմագերիների քանակի մասին ճշգրիտ նոր տվյալներ»,- հարցրել է Armenia Today-ի թղթակիցը:

Ի պատասխան վարչապետն ասաց, որ Ադրբեջանը փորձում է հումանիտար հարցերը քաղաքականացնել և քաղաքական շահարկման առարկա դարձնել. «Սա հակահումանիստական քայլ է, որը հակասում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»:

Ինչ վերաբերում է գերեվարված քաղաքացիների թվին, վարչապետն ասաց, որ տարբերակում են երկու խումբ.

«Խումբ, որի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունն ու միջազգային կազմակերպությունները հաստատում են, որ այդ մարդիկ գտնվում են Ադրբեջանում: Այդպիսի անձանց թիվը 38 է: Եվ մենք ունենք երկրորդ ցուցակ, որի վերաբերյալ այս պահի դրությամբ հաստատում չենք ստացել: Մենք պայմանականորեն և միջազգային իրավական տերմինաբանությամբ նրանց անվանում ենք բռնի անհետացածներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ