Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ովքեր են Արցախի հարցի նշաձողի իջեցման կոչ ներկայացնողները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համար կա՞, թե՞ ոչ, նշեց՝ Մինսկի խումբն ունի 3 համանախագահ, և երեքն էլ հաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասով:

«Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին»,- նկատեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր՝ Ղարաբաղյան կարգավորման համար գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ:

ՀՀ կառավարության ղեկավարը, պարզաբանելով, թե Արցախի հարցի նշաձողի իջեցման պահանջի մասին խոսելիս ո՞ւմ է նկատի ունեցել, ասաց. «2016 թվականին ԵԱՀՄ Մինսկի համանախագահների առաջարկները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին ոչ այլ ինչ էին, քան նշաձողն իջեցնելու կոչ: Ուղիղ կարող եմ պատասխանել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներն իրենց 3 առաջարկներով կոչ են արել իջեցնել նշաձողը»:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ: Հակառակ դեպքում մեզ վրա հույս չդնեք, ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ