Այսօրվա Բրյուսելի հանդիպումը Ադրբեջանը չեղարկել է, և ՀՀ ԱԳ-ի՝ նախարարների հանդիպման առաջարկին՝ մենք արձագանք չունենք․ Նիկոլ Փաշինյան

Շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը։ Այս մասին այսօր, պատասխանելով լրատվամիջոցների հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։

«ՀՀ ԱԳՆ-ից առաջարկ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ, որպեսզի տեղի ունենա ԱԳ նախարարների հանդիպում, որ փորձեն պայմանավորվածություններ ձեռք բերեն հետագա ընթացքի վերաբերյալ»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները իրար հետ կապի մեջ պետք է լինեն, շփումներ ունենան, որ հետագա աշխատանքները կազմակերպեն։ «Ադրբեջանը,- մեկ այդպիսի դեպք ունենք,- որ բոյկոտել է, և նախորդ օրը ԱԳ նախարարության կողմից հնչած առաջարկին պատասխան չի ստացվել»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մի այդպիսի հանդիպում Բրյուսելում նախատեսված էր, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է մասնակցել։ Վարչապետն ասաց, որ Ադրբեջանի խոսույթը մեծ խնդիր է եղել և շարունակում է մնալ։ Ըստ նրա՝ միջազգային հանրությունը արձանագրում է, որ Հայաստանը փորձում է լինել մաքսիմալ կառուցողական, բայց դրան ի պատասխան տեսնում ենք Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը։

«Այսօր հանդիպում պետք է ունենար, որը Ադրբեջանը չեղարկել է, և ՀՀ ԱԳ-ի՝ նախարարների հանդիպման առաջարկ է հնչել մեր կողմից, որ հետագա աշխատանքների պլանավորում տեղի ունենա, մենք արձագանք չունենք»,–ասաց նա։ Նա նշեց, որ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի և բոլորի իրավական պարտավորությունն է՝ հասնել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը։

Ինչ վերաբերում է միջանցքներին, ապա Փաշինյանն ասաց, որ մի միջանցքի հիշատակում կա՝ և դա Լաչինի միջանցքն է, և Հայաստանի տարածքով անցնող միջանցքների մասին որևէ բան գրված չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ