ԲԴԽ-ի հեղինակազրկան, «թունավոր ծառի պտուղներից» է խոսում մի դաշինք՝ «Հայաստան»-ը, որի փաստացի ղեկավարի օրոք արդարադատությունն իրականացվում էր ըստ Լինչի, նախագահականից հնչած «ալո»-ի ու նշանակած «դոզայի»

ԱԺ-ն այսօր արտահերթ նիտում քննարկում էր Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը։

Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես եւ սպասելի էր, բացակայում էր քննարկումից՝ հավատարիմ մնալով բոյկոտի երկամսյա ռեժիմին, իրեն զրկելով դատական համակարգին անչվող իրեն հուզող հարցերը բարձրացնելու, իրեն հատուկ պոզայով ու էպոտաժային ելույթներով ԱԺ ամբիոնը դղրդացնելու հնարավորությունից։ Փոխարենը «Հայաստան» խմբակցությունը իր սիրելի թեմայի վերաբերյալ մի խուճուճ հայտարարություն է տարածել՝ փորձելով ստվերել ԱԺ-ում առանց իր մասնակցության տեղի ունեցող գործընթացը։

Ըստ այդմ․ «Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռեւս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռեւս չի ենթարկվել»:

«Հաշվի առնելով, որ հայտնի ձայնագրության հրապարակումից, դրա՝ իրավապահ համակարգի և նույն ԲԴԽ-ի վերաբերյալ անդառնալի հեղինակազրկող գնահատողական դատողությունների հաստատումից հետո մինչ օրս Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնավարում է և ներկայացնում այն կառույցը, որն առաջադրել է դատավորների թեկնածուների և, անկախ նրանից՝ ով է ընտրվելու, նույնիսկ իրական արդարադատություն իրականացրած թեկնածուների` Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների դեպքում կիրառելի է լինելու «թունավոր ծառի պտուղների» իրավական կանոնը»:

Հայտարարությունից մեջբերված վերջին պարբերության խառնիխուռն շարադրանքը, եթե ճիշտ ենք ըմբռնել դրա իմաստն, այն է, որ ԲԴԽ-ն հայտնի դեպքից հետո այլեւս «թունավոր ծառ» է, հետեւապես՝ նրա կողմից առաջադրված թեկնածուները, որքան էլ անկաշառ ու արդարադատ լինեն, մեկ է՝ նրանց տված «իրավական պրոդուկտը» նույնացվելու է ծառի հետ։

Ուշագրավն այն է, որ «թունավոր ծառի պտուղների» էֆեկտի մասին է խոսում մի խմբակցություն, որի փաստացի ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, եթե անգամ չի տնկվել, ապա ճյուղավորվել, ծաղկել, փթթել, պտղակալել ու առատ բերք է տվել այն ծառը, որը կոչվում է դատական կոռումպացված, կամակատար ու ստարկամիտ համակարգ, եւ որի պտուղները ճաշակելու հետեւանքով պետական օրգանիզմում ի հայտ եկած տոքսիններից, պետական առողջությանը հասցված անդառնալի հետեւանքներից ձերբազատվելու եւ կամ դրանք հաղթահարելու համար անցած չորս տարիների ընթացքում իրականացվում են տարատեսակ «բժշկական» միջամտություններ՝պրոֆիլակտիկից մինչեւ վիրահատական եւ հետվիրահատական, սակայն դեռ շատ վաղ է խոսել դատական համակարգի ապաքինման, առավելեւս՝ լիակատար առողջացման մասին։

Փաստենք, որ հեղափոխությունից հետո, երբ նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերի նկատմամբ տարբեր հոդվածներով քրեական գործեր հարուցվեցին, վերջիններս մեկ մարդու պես թիրախավորեցին առանց այդ էլ խոցելի արդարադատության համակարգը`սանձազերծելով դրա վարկաբեկմանն ուղղված գործընթաց, որը շարունակվում է նաեւ այսօր:

Ինքնապաշտպանական այս միջոցառումն ունի շատ կոնկրետ նպատակ․ նախ`ցույց տալ, որ քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանը «գործ կարողներ» են ու իրենց՝ աղվափետուր հրեշտակների նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական պատվերի շրջանակում է, եւ այսպիսով, միջազգային կառույցների աչքում բարեփոխվող դատական համակարգը ներկայացնել որպես ռեպրեսիվ մեթոդներով աշխատող, հետադիմական համակարգ:

Զավեշտ է, երբ հատկապես «Հայաստան» դաշինքն է խոսում ԲԴԽ-ի, որպես մեկ՝ առանձին վերցված պետական մարմնի, հեղինակազրկման մասին այն դեպքում, երբ ողջ դատական համակարգն իր աստիճանավորումներով ու գերակայությամբ՝ ներառյալ Սահմանադրական դատարանը, հասարակության ու միջազգային կառույցների աչքերում հեղինակազրկված էր դեռ մինչեւ հեղափոխությունը, մի շրջան, երբ արդարադատությունը շատ դեպքերում իրականացվում էր ըստ Լինչի, նախագահականից հնչած «ալո»-ի, դուրս գրած «ռեցեպտի» ու նշանակած «դոզայի»:

Եւ իզուր չէ, որ հենց այդ հեղինակազրկված ու ստրկացված դատական համակարգն էլ, որի վրա իշխանությունից զրկված նախկին ռեժիմը դեռեւս փորձում է տարածել իր ազդեցությունը, դիտարկվում էր եւ շարունակվում է դիտարկվել որպես փրկօղակ, որի աջակցությանը դիմելով էլ այն հեղինակազրկած սուբյեկտներից մեկը, արձանագրենք, կարողացավ առժամանակ մաքրվել իրեն առաջադրված մեղադրանքից։ Սակայն ոչ թե այդ մեղադրանքի հիմքում դրված արարաքը գործած չլինելու, այլ այդ արարքի հանցակազմը նկարագրող հոդվածի հակասահամանդրական լինելու հիմքով։

Արձանագրենք, որ նախկին ռեժիմից ավանդված դատական համակարգի հեղինակազրկված լինելու ու տված թունավոր պտուղների մասին վկայում են ոչ միայն ներպետական դատական ատյաններում, այլեւ ՄԻԵԴ-ի՝ ընդդեմ ՀՀ-ի կայացված անթիվ-անհամար վճիռները։ Դատական համակարգի առողջական վիճակի մասին ախտորոշումն էլ, ի դեպ, դարձյալ տրվել է դեռ մինչեւ հեղափոխությունը, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հեղինակած աղմկահարույց զեկույցում, որտեղ նշվում էին «դատական կաշառքի սակագները»։ Ըստ այդմ՝ կաշառքի չափը որոշվում էր հայցագնի 10 տոկոսից ելնելով, տատանվում էր հետեւյալ միջակայքում․ առաջին ատյանում 500-ից 10,000 ԱՄՆ դոլար, վերաքննիչում՝ 200-ից 15,000, վճռաբեկում՝ 10-ից 50,000 ԱՄՆ դոլար։ Ի դեպ, Վճռաբեկ դատարանն էլ երկար տարիներ նախագահում էր դատական համակագի «կաղնիներից» մեկը՝ Արման Մկրտումյանը, մեկը, որի անունը բացի տարատեսակ սկանդալներից կապվում է ՀՀ-ի դեմ դեռեւս 2016-ին ՄԻԵԴ-ի կողմից հրապարակված աղմկահարույց վճռի հետ։ Խոսքը «Վարդանյանն ու Նունուշյանն ընդդեմ Հայաստանի» վճռի մասին է, որով սահմանված աննախադեպ՝ 1 միլիոն 600 հազար եվրոյի չափով գումարը կառավարությունը փոխհատուցեց մոտ երեք տարի առաջ։

ՄԻԵԴ-ի այս վճիռը ոչ միայն առանձնանում էր մեծ չափի գումարով, այլև վճռում առաջին անգամ հիշատակվում էր դատավորի անուն։

Այս գործում իր ուղիղ դերակատարությունն էր ունեցել Արման Մկրտումյանը, որի վարքի մասով ՄԻԵԴ-ը միաձայն եզրահանգել էր, որ այն անհամատեղելի է եղել անկողմնակալ դատարանի վարքի Եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածով նախատեսված պահանջի հետ: ՄԻԵԴ վճռից հետո, հիշեցնենք, մի խումբ փաստաբաններ դիմեցին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ Մկրտումյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով։ Արդարադատության նախարարությունը, սակայն, մերժեց վարույթ հարուցել անձեռնմխելի դատավորի նկատմամբ։

Մկրտումյանը հրաժարական տվեց միայն իշխանափոխությունից հետո՝ 2018թ․ հունիսի 5-ին, ինչը ցնծությամբ ընդունվեց իրավապաշտպան համայնքի կողմից։ Վերջինս, նկատենք, ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատում էր դատարանի կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 1998 թվականի հուլիսի 8-ից. տասը տարի պաշտոնավարել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ, տասը տարի՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ եւ, փաստորեն, շեշտակի ու անդառնալիորեն բարձրացրել էր դատական համակագի եւ մասնավորապես Վճռաբեկ դատարանի հեղինակությունը՝ մարմնավորելով նախկին ռեժիմի օրոք տնկված «իրավական ծառի պտուղների քաղցրությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ