«Բացարձակապես չէի ուզենա, որ այս պատմության մեջ իշխանությունը գնա «լիսկայացման» ճանապարհով, ինչի հետեւանքը լինելու է վենդետան». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իշխանության հնարավոր «լիսկայացման» հետեւանքը լինելու է ապարանյան վենդետան

Այսօր մեծ ցավով հետեւել եմ Նիգավանի արյունոտ միջադեպի զոհերի հարազատների բողոքի ակցիային, որը տեղի էր ունենում Ապարան քաղաքում։

Իմ տպավորությունները հակասական են, բայց դրանից տեղի ունեցածի ողբերգականությունը չի վերանում։

Հարթակի ընդդիմությունը, մեղմ ասած, ազնիվ չէր, երբ պնդում էր, թե հանցագործության մոտիվը եղել է Նիկոլ Փաշինյանին վիրավորելը։ Միջադեպի պատճառներն, իմ տպավորությամբ, տեղական խմբերի հակադրությունն է, որը կարող էր բորբոքվել ցանկացած, անգամ` կենցաղային առիթի պարագայում։

Զոհերի հարազատները Փաշինյանի հրաժարականը չեն պահանջում, նրան տեղի ունեցածի պատասխանատու գոնե առայժմ չեն համարում, փոխարենը` պահանջում, խնդրում են, որ երկրի վարչապետը երաշխավորի արդար քննություն(միանգամայն օբյեկտիվ պահանջ է) ու նաեւ հնարավոր դարձնի այն մարդկանց հեռացումը Ապարանից, ովքեր հավաքված մարդկանց կարծիքով` մասնակից են հանցագործությանը(սա էմոցիոնալ պահանջ է, որի կատարումն, ըստ էության, անիրագործելի է):

Իշխանությունը նույնպես, մեղմ ասած, ազնիվ չէ։ Համենայն դեպս, Ապարանի կենտրոնում հավաքվածները պնդում էին, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ու փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատները մասնակցել են միջադեպին` դրանում ունենալով առանցքային դերակատարություն։

Ես հիշում եմ, որ տարիներ առաջ Ռուբեն Հայրապետյանը նույնպես անմիջականորեն չէր մասնակցել բժշկի ծեծին ու սպանությանն` իրեն պատկանող ռեստորանում, բայց վայր դրեց մանդատը` քաղաքական պատասխանատվություն կրելով իր թիկնապահի գազանաբարո արարքի, հանցագործության համար։

Նույն կանոնը պետք է գործի այս պարագայում. պատգամավորը պետք է վայր դնի մանդատը, փոխմարզպետը պաշտոնանկ արվի, որպեսզի բացառվի այս պաշտոնյաների որեւէ ազդեցություն նախաքննության վրա, ինչը կարող է «անձեռնմխելի» դարձնել նրանց հարազատներին, որոնց անունները շրջանառվում են` որպես միջադեպի մասնակիցներ, անգամ` կազմակերպիչներ։

Իրավապահների մասին։

Այն, որ այս քրեական պատմությունը «եփվել» է առնվազն երեք օր ու դրան մասնակցել է անգամ տեղի պարեկային ծառայության ղեկավարը` խոսում է ոստիկանության հանցավոր անգործության, գուցե նաեւ` կողմնակալ կեցվածքի մասին։

Միայն Ապարանի պետի պաշտոնանկությունը խիստ ոչ համարժեք լուծում է ու կարծում եմ` ճիշտ կլինի դնել ավելի բարձրաստիճան ոստիկանների, անգամ` երկրի ոստիկանապետի պաշտոնավարումը շարունակելու նպատակահարմարության հարցը։

Առայժմ չենք կարող խոսել նաեւ որակյալ նախաքննության մասին։ Չեն կարող մի քանի զոհեր, վիրավորներ լինել ու մեղադրյալի կարգավիճակ ունենա ընդամենը մեկ մարդ ու սա այն դեպքում, երբ կոնկրետ հանցագործությունը մի քանի օր «զարգացել» է` դրվագային «հերոսներով»։

Ինչ-որ բան խանգարել է ոստիկանությանը, այսօր էլ` նախաքննության մարմնին։

Բացարձակապես չէի ուզենա, որ այս պատմության մեջ իշխանությունը գնա «լիսկայացման» ճանապարհով, ինչի հետեւանքը լինելու է վենդետան։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ