Պահեստազորի եռամսյա հավաքներ են հայտարարվում

2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը Հայաստանում կանցկացվեն եռամսյա պահեստազորային հավաքներ։ Գործադիրի համապատասխան որոշումն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։

Երեք ամիս ժամկետով անցկացվելիք հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Ըստ այդմ՝ հավաքներին կներգրավվեն մինչև 1444 քաղաքացի, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 65-ը ավագ ենթասպայական կազմից, 130-ը սպայական կազմից՝ համազորային, մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:

Եռամսյա հավաքների անցկացման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն մինչև 134 միավոր տրանսպորտային միջոց։

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու Հայաստանի Հանրապետության զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ