Քոչարյանի աջակիցների շարքերում «պլենդուզի» մակարդակից ավելի բարձր միտք հայտնող չկա՞. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

Նախօրեին Վարդան Ղուկասյանը (Դոգը) իր լայվում զայրացած Քոչարյանի «վրայով էր անցնում»:

Պատճառն այն էր, որ «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների խումբը» ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր մի գրառում, որտեղ Վարդան Ղուկասյանի և ընդհանրապես Քոչարյանին քննադատողների հասցեին ինչ ասես, որ չեն գրել: Էպիտետներն ու որակումները չենք ներկայացնում, առանց այդ էլ գիտեք, թե ինչ բառապաշար է օգտագործվում:

Գրառման հեղինակը Նարե Գրիգորյանն է: Երևի կհիշեք, Քոչարյանի թույն ֆանատ է, Քոչարյանին այնպիսի հատկանիշներ է վերագրում, որ Ռեմբոն ու Տերմինատորը միասին վերցրած կերազեին:

Իրենց գործն է, ինչ ուզում են, թող գրեն: Բայց այդ գրառման մեջ մի նախադասության չենք կարող չանդրադառնալ: Քոչարյանի համախոհը իր վոժդին քննադատողների վերաբերյալ գրել է. «1937-ին Ստալինը ձեզպեսներին բլոկով էր գնդակահարում ու ճիշտ էր անում»:

Այսինքն՝ 1930-ականներին հարյուր հազարավոր անմեղ քաղաքացիներ ռեպրեսիաների են ենթարկվել, գնդակահարվել ու աքսորվել, ու սրանք, այսինքն՝ Քոչարյանի աջակիցները, դա ճիշտ են համարում: Երևի սրանց մոտ համատարած է. բոլոր հարցերի, հիմնախնդիրների լուծումը գնդակահարությունների ու սպանությունների մեջ են տեսնում:

Հաստատ Ռ. Քոչարյանի կենսագրությանն ու գործունեությանը ծանոթանալով են նման եզրակացության եկել: Մեզ հետաքրքրում է. Ռ. Քոչարյանի աջակիցների շարքերում «պլենդուզի» մակարդակից ավելի բարձր միտք հայտնող չկա՞:

Ու սրանք իշխանության են ուզում գալ: Ասում են՝ ժողովուրդ ջան, մեզ իշխանության բերեք, որ ձեզ գնդակահարենք: Ամենացավալին այն է, որ նման, մեղմ ասած, ամոթալի գրառումը լայքում է գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ Արցախի ՊԲ նախկին մամլո խոսնակը:

Ու գնդակահարությունները ողջունողները հետո պիտի գնան, մամուլի տարբեր ակումբներում ասեն՝ գիտե՞ք ինչ, մարտի 1-ի ժողովրդին գնդակահարել են ընդդիմադիրները:

Այսպես են մտադիր շահել ժողովրդի համակրանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ