Քաղաքական ընդդիմության փոխարեն՝ մահաբաղձների քաղաքական խմբակ

Չկարողանալով փողոցային պայքարի միջոցով հասնել իր սևեռուն նպատակին՝ մինչև քոք մաշեցնել իշխանության հանրային վստահությունն ու «տուն ուղարկել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է նույն եռանդով բանեցնել իր «քոքամաշիչ» մարտավարությունը՝ դրան ծառայեցնելով անգամ մարդկանց մահն ու դժբախտ պատահարները։

Արձանագրենք՝ ի դեմս մասնավորապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ու նրանց սատելիտների՝ ունենք մահվան դեպքերով սնվող՝ մահասուն, մահաբաղձ, մահատենչ ընդդիմություն, որն իր այսպիսին լինելը ապացուցել է քանիցս։

Երեկ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական միջադեպը հերթական «նվերն» էր ընդդիմությանը (մոտ եկու ամիս առաջ տեղի ունեցած՝ հղի կնոջ վրաերթի դեպքից հետո) և ենթադրվում էր, որ փութաջանորեն պետք է օգտագործվեր վերջինիս կողմից՝ իշխանության վրա արյան ու զոհերի հերթական «խմբաքանակը» դուրս գրելու համար։

Հետևելով ընդդիմությանը սպասարկող լրատվական միջոցներում տիրող վախկանալիային՝ ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր քարոզչական կենտրոնից հրահանգ է իջեցվել բոլորին՝ շարքային ստատուսչիներից մինչև դեպուտատներ ու դեպուտատուհիներ՝ ով քնած է՝ արթուն կենալ, ով արթուն է՝ ձի հեծնել, ով հեծնել է՝ զենքեր կապել ու սուրալ դեպի առաջնագիծ (միայն թե` լրատվական)`տեղի ունեցած ողբերգությունը բոլոր հնարավոր ձևերով կապելու իշխող ուժի, դրա առաջնորդի անվան հետ՝ վերստին «ռասկրուտկա» անելու «Նիկոլ մարդասպան» բանդագուշանքը։

ՀՀԿ-ական Արմեն Աշտոյանը, որի համար, նկատենք, կուլտային է մահվան թեմատիկան, բնականաբար, չէր կարող իրեն հատուկ ոճով չշահարկել տեղի ունեցած միջադեպը՝ Ֆեյսբուքում հերթական զառանցախոս գրառումը կատարելով․ «Այսօր Նիկոլի պատճառով 3 մարդ է սպանվել։ Մեկը՝ դրսի թուրքի, երկուսը ՝ներսի թուրքի կողմից»։ Ժամեր առաջ էլ նույն Աշոտյանը զառանցանքի հերթական դոզան է արտանետել սոցիալական ցանց՝ մասնավորապես գրելով․ «Երեկվա արյունալի իրադարձություններն ապացուցեցին, որ ՔՊ-ն վերածվել է նաև բանդայի։ Հայաստանում իշխանափոխությունից հետո պետք է արգելել ՔՊ կուսակցության գործունեությունը, իսկ նրանց ղեկավար կազմին՝ պետական պաշտոն զբաղեցնելը»։

Նկատենք, որ բանդայի մասին է խոսում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը երկիրը 20 տարի կառավարել է բանդիտիզմի լավագույն ավանդույթներով՝ դաշնակցելով քաղաքական մանր ու մեծ բանդիտների հետ, (որոնցից մեկի գործունեությունը, ի դեպ, ՀՀՇ-ի կառավարման օրոք կասեցվել էր) երբեմնի գաղափարական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, վերածելով տնտեսական և բոլոր տեսակի բանդիտների պատսպարման ու բարգավաճման ապահով որջի։

Աշոտյանը ներկայացուցիչն է այն՝ «ձեռքերն արնոտ», «դեռ կամկար» գնացող վարչախմբի, որը իշխանության է եկել, դրանից առաջ էլ՝ իշխանություն է պահել արյան ու ոճիրի, քաղաքական սպանությունների գնով՝ իշխանությունը բառացիրեն կառուցելով դիակների վրա, ամրակայելով դիակների միջոցով։

Քաղաքական խոսքի փոխարեն՝ մահախոսություն

Մահաբեր քաղաքական ուղեգիծ ունեցած, այժմ ընդդիմության կարգավիճակում հայտնված քաղաքական խմբակը այս ողջ ընթացքում ախորժանքով կիրառել ու շարունակում է կիրառել մահվան սիմվոլիզմը՝ իշխանության գործունեության մասին վերաբերմունք արտահայտելիս։
Մասնավորապես 2019-ին, հիշեցնենք, Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով շիրմաքար էր տեղադրվել՝
«Մեռավ սուտ խոսալով» գրությամբ: Լուսանկարը Ֆեյսբուքում տեղադրած օգտատեր Արտուշ Վարդևանյանը, ի դեպ, «լաո»-ական է, 2018-ի հեղափոխության օրերին կիրառված դագաղներից և «սև լենտերից» բողոքող ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հետ «Դիմադրության» շարժման օրերին արված լուսանկար ունի։ Լուսանկարներից մեկում էլ օգտատերը ցուցադրում է Ռ․ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը։ Ի դեպ, շիրմաքարի լուսանկարը տիրաժավորել էին պրոընդդիմադիր մի շարք կայքեր։

Աշխարհին պատուհասած կորոնավիրուսի համավարակից հետո էլ, երբ վիրուսի հետևանքով մեր երկրում մարդիկ էին մահանում, ընդդիմության քարոզչական լաքեյներից ոմանք արձանագրվող մահերը օգտագործում էին նույն՝ քարոզչա- քոքամաշիչ նպատակներով։ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ 44-օրյա պատերազմի նախօրեին, Քոչարյանի աջակից, այժմ կալանքի տակ գտնվող Նարեկ Մանթաշյանի ղեկավարած «Այլընտրանք» ՀԿ-ի անդամները, հիշեցնենք, կառավարության շենքի դիմաց տեղադրել էին «Նիկոլ, մարդասպան» գրությամբ պաստառ, «1240 մահ» գրությամբ դագաղ, «տնական օղի» գրությամբ մեծ շիշ և մեկ մեծ պինցետ: Ակցիան իրականացվում էր կորոնավիրուսից գրանցված մահերի և համավարակի դեմ պետության տարած պայքարի առիթով։
Տնական օղու շիշը խորհրդանշում էր այն քաղաքացիներին, որոնք, հիշեցնենք, թունավորվել ևմահացել էին Արավիրի բնակիչներից մեկի տանը պատրաստված ևվաճառված օղուց։

44-օրյա պատերազմից հետո էլ այդ նույն ընդդիմությունը՝ «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում, բեմադրել էր տխրահռչակ Չաուշեսկուի և նրա կնոջ սպանությունը՝ գեներացնելով այդ նույն սցենարով ՀՀ ղեկավարի ու նրա կնոջ նկատմամբ հաշվեհարդար տեսնելու պահանջը։ «Դիմադրության շարժում» կոչվող քաղաքական մասխարայությունից ժամանակ առաջ էլ նույն մահատենչ ընդդիմությունն իր պատգամավորներից մեկի բերանով «մեկ կրակոցի հնարավորության» մասին էր հայտարարում, ճշգրտելով՝ այդ կրակոցն ուղղված է լինելու Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դիմադրության շարժումն իր հերթին, որի կարգախոսներից մեկը «Նիկոլ մարդասպան»-ն է, մարդկանց վրեժխնդրության մղելու, ուրիշի մահը տենչալու անթաքույց ուղերձ է պարունակում, որի «ծաղիկներին» հասցրել ենք ծանոթանալ անցած մեկուկես ամիսների ընթացքում։

Ընդդիմության մահասուն լինելու անհերքելի ապացույցներից մեկն էլ 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագված զոհերի թվի ուռճացումն ու ամենօրյա ռեժիմով շահարկումն է, համազգային ողբերգությունը քաղաքական սպեկուլյացիայի մակարդակի իջեցնելը, ինչի մասին գրել ենք քանիցս։ Այսպես կարող է վարվել ոչ միայն բարոյականության, այլև ցինիզմի բոլոր սահմանները հատած քաղաքական խմբավորումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ