Ընդդիմության հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ կալանավորվել է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների հատման խաչմերուկում հիշյալ հավաքի ընթացքում մի խումբ անձինք, անտեսելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, խախտել են հասարակական կարգը, հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ, խոչընդոտել և արգելել են փողոցի երթևեկելի գոտով ընթացող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային:

Այնուհետև վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հիշյալ քաղաքացու վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել ու առանձնացվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ