Ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը Միլլի Մեջլիսի (խորհրդարան) այսօրվա նիստում կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների խնդիրներին, գրում է minval.az-ը։ Պատգամավորը նշել է, որ պատերազմի մասնակիցների հետ կապված առկա խնդիրները պետք է լուծվեն:
Ինչպես նշել է Նովրուզովը, պատերազմի շատ մասնակիցներ ասելիք ունեն, նրանց պետք է ընդունել և լսել։
«Պատերազմի մասնակիցներն ինքնասպանություն են գործում. երբ պատերազմի վետերանները գալիս են նախարարություն, նրանց ասում են, որ իրենց փաստաթղթերը համակարգ չեն մտել։ Դե, քանի որ չեն մտել, այս հարցով պետք է զբաղվեն նախարարության աշխատակիցները, պետք է այս մարդկանց ցույց տալ նախագահի հոգատարությունը։ Այս ոլորտում գործում են 4 մասնագիտացված կառույցներ, որոնցից յուրաքանչյուրում աշխատում են հազարավոր աշխատակիցներ։ Այս խնդիրները կարելի է լուծել, եթե յուրաքանչյուր կառույցում հատկացվի 5 աշխատող։ Բայց դա չեն անում՝ հակաադրբեջանական ուժերին խոսելու առիթ տալով։ Լուծե՛ք այս հարցը արդեն», – ասել է նա։