«Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի». Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով իր խոսքում մասնավորապես ասել է. «Լարված է մնում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է բավականին ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի: Հուսով ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, որոնք առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, կվերականգնեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստատուս-քվոն:

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2020թ. նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունների եւ պետությունների ղեկավարների հաջորդ եռակողմ հայտարարությունների կատարմանը: 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրների համատեքստում առաջնայինը հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ քաղաքացիական անձանց անվերապահ և անհապաղ վերադարձն է, ինչպես նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում:

Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հարցն է: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում առանցքային դեր պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չխախտել իրենց ռազմատենչ և ծավալապաշտական հռետորաբանությամբ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը:

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանև բարեկեցության հաստատմանը ևբազմիցս արձանագրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը: Համապարփակ խաղաղության հասնելու համար մենք օրակարգը լրացրեցինք մեր առաջարկություններով և հանձնեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ