Ինչու է Սևանի դպրոցներից մեկի աշխարհագրության դասը դարձել քննադատության թիրախ. ուսուցչուհին պարզաբանում է՝ ինչ է եղել

Երեկվանից համացանցում շրջանառվում են Գեղարքունիքի մարզի Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշխարհագրության դասաժամին արված լուսանկարներ, որտեղ աշակերտները ներկայացրել են մի քանի երկրների մշակույթն ու այդ երկրներին բնորոշ տեղեկություններ: Ներկայացված երկրների թվում են եղել Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունները:

Առանձին օգտատերեր քննադատությունների են արժանացրել նշված վերջին երկու երկրներին անդրադարձը, նշել, որ Ադրբեջանն ու Թուրքիան դասընթացում ներառելն ու դրանց առանձնահատկությունների մասին խոսելը ոչ այլ ինչ է, քան անընդունելի երեւույթ:

Անցկացված դասաժամի և հնչող քննադատությունների վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն է խնդրել Գեղարքունիքի մարզի Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենից և աշխարհագրության ուսուցչուհուց: Դպրոցի տնօրեն Սվետա Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դասի անցկացման մասին տեղեկատվությունը դպրոցի ընդհանուր էջում է տեղադրել այն կազմակերպող ուսուցչուհին, դրա հետ նաև՝ լուսանկարները: Տնօրենի խոսքով՝ թյուրըմբռնում է եղել:

Դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լիլիթ Հայրապետյանն էլ հայտնեց, որ աշակերտներին հանձնարարել է կիսամյակային ամփոփիչ նախագծային աշխատանք ներկայացել՝ տարածաշրջանային աշխարհագրության դասընթացի մեջ ներառելով մի շարք երկրներ: Վերջիններս վիճակահանության միջոցով ընտրել են դրանք:

«Բացի դասագրքային տեղեկություններից, աշակերտները պետք է պրպտեին, գտնեին տվյալներ ու նորություններ՝ վիճակահանությամբ ընտրված երկրի մասին: Հանձնարարականը տալիս ասել եմ՝ երեխաներ, մենք աշխարհագրություն ենք ուսումնասիրում, մեր հարեւան երկրների միջից չենք կարող հանել Ադրբեջանին ու Թուրքիային, պիտի ներկայացնենք: Սակայն պահանջ եմ դրել՝ կրեատիվ ու ստեղծագործ մոտեցմամբ երկիրը ներկայացնելու հետ մեկտեղ ցույց տալ, որ մենք հայրենասեր ենք, եւ Ադրբեջանն ու Թուրքին մեզ ոչ բարեկամ երկրներ են: Դա արտահայտված է նաև այդ պետությունների դրոշների վրա ընդգծումով»,- մանրամասնեց ուսուցչուհին:

Ըստ նրա՝ դասընթացին պատրաստվելու օրերին վիճակահանությամբ Թուրքիա եւ Ադրբեջան ընտրած երեխաները մոտեցել են օգնության խնդրանքով, հարցրել, թե ի՞նչ կարող են ներկայացնել, ուսուցչուհին էլ ընդգծել է՝ այդ երկու երկրների մշակույթից ոչինչ չներկայացնել, բացի աշխարհագրական տեղեկություններից:

«Աշխարհագրական տվյալներից բացի, իրենց ամբողջ նյութը կազմված էր Թուրքիան ու Ադրբեջանը որպես հակամարտող երկրներ ներկայացնելով, այն, թե մենք ինչ վնասներ ենք կրել Ադրբեջանից»,- նշեց նա: Վերջինս նաեւ հավելեց՝ նույն սկզբունքով են առաջնորդվել նաեւ Թուրքիան ներկայացնող աշակերտները. ցույց են տվել 1915 թվականի Եղեռնի ոճրագործներին, տեղեկություններ են հանել «Գորշ գայլեր» թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպության, դրա դեմ պայքարի և այլնի մասին:

Ուսուցչուհու խոսքով՝ իր վրիպումը եղել է այն, որ դասապրոցեսը դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակելիս չի շեշտել, թե աշակերտները այդ երկու պետություններն ինչպես են ներկայացրել, ինչն էլ գուցե հիմք է դարձել նման խոսակցությունների համար: Խոսելով առանձին լուսանկարների տարածման մասին՝ ուսուցչուհին ասաց՝ սկզբում ընդհանրական մի քանիսն է տեղադրել, ապա ծնողների խնդրանքով բոլորինն էլ ներբեռնել է:

Անդրադառնալով հնչող այն քննադատություններին, թե լուսանկարներում ոչ բոլոր երկրները կան՝ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհին պարզաբանեց՝ երեխաները 8-րդ դասարան են, դեռ ոչ բոլոր պետություններն են անցել, ուստի ընտրվել են այն երկրները, որոնք դասացանկով արդեն անցել ենք:

Աղբյուրը՝ Հայկական Ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ