«Բաղրամյան26»-ի աղբյուրները հայտնում են, որ ընդդիմության առաջնորդները երեկվա սակավամարդ հանրահավաքից հետո, որին մասնակցում էր մոտ 2000 քաղաքացի, լրջորեն քննարկել են գործողությունները վերանայելու և փողոցային ակցիաները ժամանակավորապես դադարեցնելու անհրաժեշտությունը։
Սերժ Սարգսյանի թևն առաջարկել է հունիսի 3-ին ԱԺ գնալուց հետո հայտարարել, որ փողոցային պայքարն արդյունքներ է տվել, իբրև իրենց պայքարի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող ինչ-որ պայմանավորվածություններ ձախողվել են և այս փուլում այլևս կարիք չկա փողոցային պայքարը շարունակել։
Այս սցենարին խիստ դեմ է հանդես եկել Դաշնակցությունն ի դեմս Իշխան Սաղաթելյանի։ Նա պնդել է, որ նման սցենարն իր համար քաղաքական ինքնասպանություն կլինի, քանի որ այս ողջ ընթացքում ընդդիմությունը կոնկրետ իր դեմքով հանդես է եկել Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Եվ եթե այժմ ընդդիմությունը հետ կանգնի հրաժարականի պահանջից ու բավարարվի ինչ-որ վերացական ձեռքբերումների ամրագրումով, այդ դեպքում Իշխան Սաղաթելյանը քաղաքական տեսանկյունից կվերածվի հերթական Վազգեն Մանուկյանի։
Մյուս կողմից էլ Դաշնակցությունը որպես քաղաքական ուժ երկար ժամանակով կմղվի լուսանցք, քանի որ ընդդիմության պայքարի այս շրջափուլում ամբողջ գաղափարական հիմքը հենց դաշնակցությանն էր՝ ազգայնական բառապաշար, հայ-թուրք տարանջատում և այլն։
Այսպիսով ընդդիմությունը լրջագույն երկընտրանքի առջև է՝ շարունակել փողոցյին ակցիաները և ամբողջությամբ մաշվել, թե՞ տապալման մեղքը բարդել Դաշնակցության ու Իշխան Սաղաթելյանի վրա, նրանց «ռասխոդ» տալ ու վերադառնալ ԱԺ։