Ով է Ագնեսա Խամոյանի ամուսինը և ինչ ունեցվածք են հայտարարագրել

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, 2021 թվականին ընտրվելով ԱԺ պատգամավոր, նույն թվականի հոկտեմբերի 8-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Խամոյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Ավան վարչական շրջանում, որը համատեղ սեփականություն է, և մեկ ավտոմեքենա՝ «Մազդա» մակնիշի:

Որպես կանխիկ գումար ընդդիմադիր պատգամավորը հայտարարագրել է 10 միլիոն դրամ և 6 հազար եվրո:

Որպես եկամուտ Խամոյանը ներկայացրել է «Շարկ» ՍՊԸ-ից ստացած 1 միլիոն 69 հազար դրամ և 525 հազար 809 դրամ էլ եկամուտ՝ ստացած Պետական եկամուտների կոմիտեից:

Նախկին լրագրողը նաև ներկայացրել է ստացած վարկ, որի մայր գումարը կազմում է 11 միլիոն 567 հազար դրամ՝ բնակարան գնելու նպատակով:

Խամոյանի ամուսինը՝ Արթուր Մուրադյանը, հայտարարագրել է բնակարան Ավան վարչական շրջանում՝ համատեղ սեփականությամբ: Երկու ավտոմեքենա՝ «Մազդա» և «Սուզուկի» մակնիշների:

Պատգամավորի ամուսինը որպես աշխատանքի դիմաց ստացած եկամուտ ներկայացրել է 1 միլիոն 526 հազար դրամ՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ից:

Վերջինս ներկայացրել է նաև 3 վարկ, որից երկուսը՝ «Արդշինբանկից»՝ 309 հազար դրամ և 69 միլիոն 686 հազար դրամ՝ ավտոմեքենա գնելու համար: Մյուս վարկը՝ 11 միլիոն 567 հազար դրամ, ստացել է բնակարան գնելու նպատակով:

Հ. Գ. Հրապարակումից հետո Ագնեսա Խամոյանը կապ է հաստատել մեզ հետ և տեղեկացրել, որ ամուսնու՝ Արթուր Մուրադյանի հայտարարագրում նշված «Արդշինբանկից» ստացած վարկերից մեկի՝ 69 միլիոն 686 հազար դրամի փոխարեն պետք է լինի 690 հազար դրամ: Թվի սխալը տեխնիկական վրիպակ է, որը դեռ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրում չի հասցրել փոփոխել, ինչը կանի մոտ ժամանակներս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ