Ի՞նչ է ուզում ընդդիմությունը և ինչո՞ւ չգնաց քաղաքական պարզ տեխնոլոգիայի կիրառման

Արցախի փրկության օրհասական պահանջով Ազգային ժողովից փողոց տեղափոխված ընդդիմությունը շարունակում է Երևանի փողոցներում ակցիաների իրականացումը՝ ըստ էության շեղվելով այն օրակարգից, ինչի համար հայտնվել է փողոցում։

Ընդդիմադիրները, երբ դուրս եկան փողոցային պայքարի, հայտարարեցին, թե իշխանությունն Արցախի հարցով ոչ հայանպաստ գործընթացների մեջ է մտել՝ վկայակոչելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտնի հայտարարությունը, ու որ Արցախի փրկության համար իրենք ձևակերպում են գործող իշխանությունների հեռացման պահանջ։

Մի կողմ թողնենք հանգամանքը, որ դրան հետևեցին իշխանության կողմից հավաստիացումները, որ այս պահին որևէ գործընթաց չկա, ու չի նախատեսվում Արցախի ապագայի մասով, իսկ Արցախի իշխանություններն էլ իրենց հերթին հայտնեցին, որ հաշտ են Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հետ և որ Արցախի մասով ընթացող զարգացումներից տեղյակ են ու դժգոհություն չունեն։

Սակայն լիովին տարօրինակ էր ընդդիմության արձագանքը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հարցազրույցին, որում վերջինս բազմաթիվ դրական խոսքեր էր հնչեցրել Հայաստանի ժողովրդավարական իմիջի, ձեռքբերումների ու իրականացվող բարեփոխումներին աջակցելու մասին՝ անդրադառնալով նաև Արցախի հարցին։

Դեսպանը հայտնել էր, որ ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում՝ ըստ էության փարատելով նաև ՀՀ ընդդիմադիրների՝ Արցախի հարցով ունեցած «մտահոգությունները»։ Բայց իրականում դեսպանի հայամետ հայտարարությունը մեր ընդդիմադիրների շրջանում ունեցավ հակառակ ազդեցությունը. այն ողջունելու, դրա հիման վրա խորհրդարանական աշխատանքով մեր բանակցային դիրքերն ամրապնդելու փոխարեն մեր ընդդիմությունը վերցրեց հայտարարությունից միայն իշխանությանը նվաճումները արձանագրող հատվածը ու սկսեց թիրախավորել դեսպան Թրեյսիին. ընդհուպ բանը հասավ անգամ նրան, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ արեց հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Թրեյսիին։

Սրա փոխարեն, օրինակ, ընդդիմությունը կարող էր գնալ քաղաքական պարզ տեխնոլոգիայի կիրառման (որից վերջիններս հաճախ են օգտվում) և հայտարարել, որ վերջ, իրենց պայքարը տվեց արդյունք, ու ԵԱՀԿ համանախագահ երկրներից մեկը հայտարարեց, որ կարևոր է Արցախի բնակչության դերակատարումը իրենց ապագայի որոշման հարցում ու հպարտանալ, որ դա եղավ իրենց՝ «Դիմադրության» շարժման շնորհիվ։ Հատկապես սա կարող էր ինչ-որ չափով փրկել արդեն ձախողված ու օրեցօր նոսրացող շարքերով ընդդիմության դիմագիծը, ու նրանց ԱԺ վերադառնալու լեգիտիմ հնարավորություն տար։

Նկատենք նաև, որ ընդդիմադիր պատգամավորները, որոնք մեկ ամիս է՝ Ազգային ժողով չեն գնում՝ հայտարարելով, թե իրենց օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և որևէ այլ հարց չունեն քննարկելու, երեկ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին մասնակցելու համար «կոտրում էին» «Մարիոթ» հյուրանոցի դուռն ու պատուհանը, ինչպես նաև մայրաքաղաքով մեկ «հետապնդում» Լիտվայի նախագահի՝ ՀՀ-ում գտնվող պատվիրկաությանը:

Ի՞նչ կարող ենք արձանագրել տեղի ունեցածից. Արցախի ապագայով մտահոգ ու նրա փրկության համար փողոց դուրս եկած ընդդիմությանը զայրացնո՞ւմ է Արցախի հարցով նկատվող միջազգային արձագանքների դրական դինամիկան։ Այլ բացատրություն դժվար է տալ, բացի նրանից, որ Արցախի հարցն ընդամենը իշխանափոխություն իրականացնելու հարմար պատրվակ է, որը կարելի է շահարկել՝ խաղալով մարդկային նուրբ լարերի ու որոշ դժգոհ քաղաքացիների ազնիվ նկրտումների հետ։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ