![]()
— Սրբազան հայր, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մասնակցությամբ օրերս Եռաբլուրում երդման արարողություն տեղի ունեցավ։ «Արցախը չենք զիջելու, ՀՀ-ն հզորանալու է, մնալու ենք հավատարիմ մեր հավատքին, ապազգային և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք»,- մասնավորապես նշված էր ծնողներից մեկի կողմից արտաբերված երդման տեքստում, ինչից հետո ծնողները երեք անգամ կրկնեցին՝ «երդվում ենք»։ Նրանց կողքին էր Տավուշի թեմի առաջնրդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը։
— Որքան գիտեմ՝ նրանք մի խումբ ծնողներ էին Տավուշից։
— Կարևորն այստեղ այն չէ, թե որտեղից էին, այլ այն…
— Այսինքն՝ քաղաքականությամբ էին զբաղվում, հա՞, ծնողները, իրենց է՞լ է արգելված…
— Մեկնաբանություններ հնչեցին, որ այս մարդկանց վիշտն ու կորուստը շահարկվում է քաղաքական նպատակներով, ծառայեցվում է այսօր տեղի ունեցող քաղաքական շարժման օրակարգին։
— Իշխանությունն էլ է շահարկում…
— Հոգևոր հովիվն էլ աջակցում է այդ միջոցառմանը, քանի որ ներկա է նման տեքստի արտաբերմանը։
— Հոգևոր հովիվը կանգնած է այդ մարդկանց կողքին ամեն օր և ամեն ժամ՝ ի տարբերություն իշխանությունների։ Իսկ իշխանությունները նույնքան և ավելի բացահայտ և ավելի անբարոյական ձևով շահարկում են այդ մարդկանց վիշտը, նաև գերիների ծնողների վիճակը, ինչը տեսաք Գյումրիի խաչմերուկում։ Դա իշխանությունների կազմակերպածն էր՝ շահարկելով գերիներ ունեցողների վիշտը։ Ես երկու կողմից էլ շահարկումը չեմ ընդունում։ Եվ եթե նկատել եք՝ ես երբեք այդ թեմայով չեմ խոսում, անգամ չեմ շոշափում, քանի որ իմ, ցանկացած մեկի կողմից շահարկելը ճիշտ չեմ համարում։ Եթե իշխանությունը շահարկում է, սպասելի է, որ ընդդիմությունն էլ պետք է շահարկի։ Բայց կոնկրետ ինձ այդ մեղադրանքը չի կարող ուղղվել։ Եվ երբ որ դու մեղադրում ես ընդդիմությանը, մեղադրիր նաև իշխանությանը, քանի որ շահարկումը երկուստեք է տեղի ունենում։ Իսկ հոգևորականի ներկայությունն այնտեղ շահարկելու նպատակով չէր, նա ներկա էր այնտեղ որպես հոգևոր հովիվ, իբրև այդ մարդկանց հոգևոր պատասխանատու։ Նա յուրաքանչյուրին ճանաչում է անուն-ազգանունով ու բոլորի հետ ամեն օր աշխատում է։ Հետևապես ինքը չի շահարկում, ինքը պարզապես մասնակցում է այդ մարդկանց մտահոգությունների արտահայտմանը։
— Սրբազան հայր, հաշվի առնելով ներքաղաքական լարված մթնոլորտը՝ հայ ժողովրդին՝ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, հղելիք կոչ կամ հորդոր ունե՞ք։
— Իմ կոչն ինչին պիտի ծառայի, եթե կոչ ուղղեմ և իշխանությանը, և ընդդիմությանը, մեկ է՝չեն լսելու։ Ամենաճիշտը այն կլինի, որ բոլորը հավաքվեն և որոշեն՝ ինչ են անելու, որպեսզի հայրենիքն այս փոսից դուրս գա։ Եվ եթե իշխանությունը պետք է հեռանա… կարող է ես սխալվում եմ, երբ պահանջում եմ, որ պետք հեռանա։ Եթե որոշեն, որ պիտի հեռանա, ուրեմն թող հեռանա, եթե պիտի չհեռանա, ուրեմն թող մնա, բայց հայրենիքն այս փոսից պետք է հանվի։ Էս պարտվողական գործընթացը, էս կեղծ խաղաղության օրակարգը կամ խաղաղության կեղծ օրակարգը պետք է փոխարինվի ռեալ խաղաղության օրակարգով։ Իսկ ռեալ օրակարգը պահանջում է թուրքական կողմից նույնպես զիջումներ, ոչ թե միայն հայկական կողմից։ Միակողմանի զիջումներով խաղաղության օրակարգ չի լինում։ Ուրեմն դուք 100 տարի ասում եք՝ ցեղասպանություն, թուրքն ասում է՝ ցեղասպանություն չի եղել, և դուք խոսում եք խաղաղության օրակարգի՞ց։ Չի կարող լինել նման բան։
— Բայց մենք խաղաղության օրակարգը Թուրքիայի հետ չէ, որ փորձում ենք գլուխ բերել։
— Երբ դուք զանազանում եք Թուրքիա և Ադրբեջան, սա նշանակում է, որ դուք մե՜ծ մոլորության մեջ եք արդեն։
— Թուրքիան և Ադրբեջանը տարբեր պետություններ են, որոնց հետ տարբեր գործընթացներ են տարվում։
— Իրենք էլ հայտարարում են, որ իրենք երկու պետություն են և մեկ ազգ։ Ցեղասպանությունը, աղջիկս, տեղի է ունեցել նաև Նախիջևանում, Ադրբեջանի տարածքում, ցեղասպանությունը տեղի ունեցավ նաև 2020 թվականին։ Հադրութի հայերը Հադրութո՞ւմ են հիմա։ Ուրեմն… ցեղասպանությունը շարունակվում է։ Այն թուրքի և այս թուրքի միջև էական տարբերություն չկա։ Դա նույն ցեղասպանության դրսևորումներն են՝ այստեղ և այնտեղ։ Ադրբեջանը ճանաչե՞լ է Թուրքիայի կողմից ցեղասպանությունը։ Չի ճանաչել։ Ինքը Գյումրին համարում է թուրքական տերիտորիա, իսկ ՀՀ-ի մնացած տարածքը՝ Ադրբեջանի տերիտորիա, և դուք խոսում եք խաղաղության օրակարգի՞ մասին։
— Բա հո պատերազմի օրակարգի մասին չէի՞նք խոսելու, իհարկե պետք է խոսենք խաղաղությունից։
— Խաղաղության օրակարգից խոսեիք այն ժամանակ, երբ դուք Հադրութում էիք և Շուշիում էիք, այն ժամանակ երբ խոսեիք, պատասխանը կստանայիք դիմացինից։ Կմերժեին, չէ՞, ձեր օրակարգը։ Իսկ այժմ, երբ պատրաստ եք ամեն տեսակ զիջումների, պարզ է, չէ՞, որ այդ օրակարգն իրենց համար ընդունելի է։ Բայց իրենք մի զիջում արե՞լ են, մի զիջումի պատրա՞ստ են։ Սև լճի էն 40 տոկոսը, որ գրավել են, հետ գնալու պատրա՞ստ են։ Շուշիում, Հադրութում և Կիրովաբադում հայ բնակչության և Դաշտային Ղարաղաբի ժողովրդի վերադարձը երաշխավորո՞ղ են։ Ձեր խաղաղության օրակարգը դա անելո՞ւ է։
— Հուսանք, որ բանակցային սեղանին կդրվեն նաև Ձեր նշած բոլոր հարցերը։
— Ուրեմն պարտվածները բանակցային պրոցեսում չեն կարող ավելին պահանջել։
— Թույլ տվեք ասել, որ Ադրբեջանն էլ արցախյան առաջին պատերազմում պարտված կողմն էր և բանակցային պրոցեսը կարողացավ ի շահ իրեն տանել՝ պրակտիկորեն չհամաձայնելով և ոչ մի զիջման։ Վերջում էլ պատերազմով լուծեց իր հարցերն ու ստացավ իր ստանալիքը։ Այնպես որ՝ հաղթող կամ պարտվող կողմ հասկացությունները խիստ հարաբերական են։
— Այո՛, այ շատ ճիշտ եք, ապրե՛ք, իմ ասածն էլ է դա՝ ինչո՞ւ 30 տարի Ադրբեջանը չփոխեց իր օրակարգը, մնաց նույն գծի վրա, որ այդ տարածքներն իրենն են, բայց մենք ոչ մի անգամ չդրեցինք այն հարցը, որ այդ տարածքները մերն են, և մեր ժողովրդին էլ տարիներ շարունակ տարբեր ձևերով համոզեցինք, որ մերը չեն, ի վերջո՝ տալու ենք և այլն, և այլն։ Իմ ասածն էլ հենց դա է։ Ինչո՞ւ մեր խաղաղության օրակարգը պետք է լինի միշտ զիջողական, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի խաղաղության օրակարգը՝ միշտ հարձակողական, այդ մասին ձեզ հարց տվե՞լ եք։ Իբրև խաղաղության օրակարգի դրսևորում Թուրքիան թող Անին՝ այդ փոքրիկ տարածքը, հանձնի ՀՀ-ին և ասի՝ իբրև նշան խաղաղության օրակարգի՝ այս փոքրիկ տարածքը նվիրում եմ Հայաստանին։ Կասի՞, ի՞նչ եք ենթադրում։
— Աշխատում եմ ոչ մի բան չենթադրել։
— Մի ենթադրեք, ոչ մի թիզ չի տա, չի զիջի՝ իբրև խաղաղություն, որովհետև խաղաղության այս հասկացողությունը թուրքական խաղաղությունն է՝ ինչպիսի սահմաններ որ ես ասում եմ, ուրեմն այդ սահմաններն էլ ընդունիր, և կլինի խաղաղություն։ Չես ընդունի՝ կլինի պատերազմ։ Հետևաբար պատերազմի շանտաժով խաղաղության օրակարգ չեն անում, այդ օրակարգն անում են՝ պատերազմը բացառելով։ Այն, ինչը որ կարելի էր անել մինչև 2020 թվականը, երբ որ ասում էիք՝ դուք էլ, նրանք էլ, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի։ Այ «ռազմական լուծում չունի»-ի շուրջ պիտի լիներ խաղաղության օրակարգը։
— Դուք ասում եք՝ այդ տարածքները մերն էին, բայց դրանք միջազգային հանրության գնահատմամբ՝ «օկուպացված տարածքներ» էին։ Այդ տարածքները բանակցային սեղանին էին դրված որպես մեր կողմից զիջման ենթակա տարածքներ։
— Մեր ինչ գործն է՝ միջազգային հանրությունը ինչ կորոշի։ Մենք և Ադրբեջանը խաղաղության օրակարգ կունենայինք, կպայմանավորվեինք և կհասնեինք խաղաղության։ Եթե Ադրբեջանը ճանաչեր այդ տարածքները հայկական, ինչ է՝ ՄԱԿ-ը պիտի ասեր՝ ես կողմ չե՞մ։ Թող մի 30 տարի էլ ասեր։ 50 տարի է՝ ՄԱԿ-ն ասում է՝ ես թուրքական Կիպրոսը չեմ ճանաչում, դրանից բան է փոխվո՞ւմ։
— Բայց Ադրբեջան էլ այլ բան էր ասում, ասում էր՝ խախտվել է իմ տարածքային ամբողջականությունը, դրանք իմ տարածքներն են։ Անզիջում էր այս հարցում։
— Իսկ եթե Ադրբեջանն անզիջում էր, մենք ինչո՞ւ պիտի լինենք զիջողական, իսկ Ադրբեջանը՝ ոչ։
— Դե՝ չզիջեցինք, դրա համար էլ ստացանք 2020 թվականի պատերազմը, Ադրբեջանը եկավ և զենքի ուժով տարավ իրենը։
— Այո՛, այդ պատերազմն անխուսափելի էր, բայց դրանում պարտվելը անխուսափելի չէր։ Իսկ եթե այդ պատերազմում մենք ևս մեկ անգամ ջարդեինք Ադրբեջանի ատամները, առնվազն 30 տարի ևս չէր համարձակվելու հարձակվել։ Դուք այս իշխանության թեզն եք կրկնում, որ պատերազմն անխուսափելի էր, պարտվելն էլ, քանի որ ուժերի հարաբերակցությունը ի վնաս մեզ էր։
— Բայց դա ճշմարտությունն է, ուժերի հարաբերակցությունն իրոք ի շահ մեր հաղթանակի չէր։
— Բա 30 տարի ինչո՞վ էիք զբաղված, բա պատերազմից առաջ վերջին երկու տարի՞ն, ինչո՞ւ էիք հոխորտում։
— Դուք խոսում եք պատերազմից առաջ վերջին երկու տարվա մասին, բայց դրանից առաջ եղած առնվազն 20 տարվա մասին չեք խոսում։ Հաշվարկն սկսենք 94 թվականի հրադադարից սկսած։
— Թող լինի այդպես, բա 28 տարի՝ մինչև 2020 թվականը, ինչո՞վ էիք զբաղված։ Եվ հետո՝ պաշտպանվելն ավելի հեշտ է, քան հարձակվելը, դա պատերազմի օրենքն է։ Տեսնում եք՝ Ուկրաինայում ՌԴ-ն չի կարողանում պետք եղած հաջողությունը գրանցել, քանի որ հարձակվելն ավելի դժվար է, քան պաշտպանվելը։ Դա պրիմիտիվ բան է, երրորդ դասարանի աշակերտն էլ պիտի իմանա։ Ուրեմն կրկին ասեմ՝ պատերազմն անխուսափելի էր, բայց հնարավոր էր չպարտվել, առավել ևս՝ Շուշին հանձնելը անխուսափելի չէր, դա հանձնվեց, որպեսզի ապացուցվի պարտության անխուսափելիությունը։
— Ամեն դեպքում՝ եկեք սպասենք պատերազմի վերաբերյալ համակողմանի քննությանը, հետո նոր գնահատականներ կտաք։
— Քանի այս իշխանությունն է՝ չի կարող այդ հետաքննությունը օբյեկտիվ լինել։ Պատերազմից երկու տարի է անցել, մի հատ պրապորշչիկ անգամ չի դատվել։
— Մարդկանց այդքան հեշտ չէ դատելը, պետք է հիմնավոր մեղադրանք առաջադրել։
— Հարգելի՛ս, պատերազմի ժամանակ գոյություն են ունենում ռազմական տրիբունալներ։ Եթե դու ռազմական դրություն ես հայտարարում, դրա անխուսափելի բաներից մեկն էլ ռազմական տրիբունալն է, և 44 օրվա ընթացքում այդ տրիբունալը պետք է պրոցեսներ սկսեր և ավարտած լիներ։ Դու ռազմական դրություն անգամ չես ունեցել, դա շինծու է եղել։ Պատերազմ չի վարվել, պատերազմի իմիտացիա է արվել։
— Մենք ունեինք ռազմական էլիտա, գեներալիտետ, թող վարեին պատերազմը…
-Այո՜, այո՜… բա օրը մեկ շտաբի պետ փոխել, պաշտպանւթյան նախարարին հանել, ուրիշին դնել, հետո՝ երկու-երկու բանակ խաղալ, բա՝ ես չեմ, ՀՀ պաշտպանության նախարարը չի, Արցախի պաշտպանության նախարարն է, պինգ-պոնգ խաղալ, երկու պետություններ խաղալ… էս ի՞նչ է, բա էս ամենն էլ բերեց պարտության։
![]()