Թափանցիկ, մրցակցային ընտրություններ անցկացնելուց խոսում են ընտրություններ կեղծելու «օլիմպիական չեմպիոնները»

2020 թվականի պատերազմի ավարտից հետո ընդդիմության 17 ուժերից ձևավորված «Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտարարեց, որ իրենց նպատակը Փաշինյանի հրաժարականն է, որից հետո ՔՊ խմբակցությունը պետք է Վազգեն Մանուկյանին ընտրեր վարչապետ, ձևավորվեր ժամանակավոր կառավարություն, որն էլ մեկ տարի անց պետք է անցկացներ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Փաշինյանը, ի վերջո, համաձայնության գալով խորհրդարանական ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ, հրաժարական տվեց, սակայն պայմանով, որ որևէ ուժ վարչապետի թեկնածու չէր առաջադրելու, և գնալու էին արտահերթ ընտրությունների՝ Փաշինյանի վարչապետի պաշտոնակատարությամբ։

Կայացած արտահերթ ընտրություններին մասնակցեցին ՀՓՇ հիմնական ուժերից բոլորը՝ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն… ՀՅԴ-ն, սակայն, մասնավորապես Իշխան Սաղաթելյանը մինչ այդ հայտարարում էր. «Դաշնակցությունը չի մտնելու այդ օրակարգի մեջ (Փաշինյանի անցկացրած ընտրություններ- խմբ.)։

Մենք, անկախ նրանից, թե շարժման կուսակցություններից որ մեկը ինչ դիրքորոշում կունենա, Դաշնակցությունը մինչև վերջ պայքարելու է այն օրակարգի համար, որը հայտարարել է, այսինքն՝ նույնիսկ եթե մնանք մենակ էլ, շարունակելու ենք ամբողջ ծավալով մեր պայքարը, որպեսզի Փաշինյանը հեռացվի»։

Հայտարարված արտահերթ ընտրություններին, սակայն, ՀՅԴ-ն մասնակցեց, չնայած նրան, որ իրենց հայտարարած օրակարգն այլ էր՝ Վազգեն Մանուկյանը պետք է ստանձներ ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնը և մեկ տարի անց անցկացներ արտահերթ ընտրություններ։

«Դիմադրություն» շարժումը գրեթե մեկին մեկ նույն օրակարգն ունի, ինչ ՀՓՇ-ն, ուղղակի այս անգամ չի հայտարարվում, թե ով է լինելու ժամանակավոր վարչապետը։ Ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, որից հետո ՔՊ խմբակցությունը պետք է ընտրի վարչապետի ընդդիմության թեկնածուին, ձևավորվի համաձայնության կառավարություն, որն էլ 1,5-2 տարի անց պետք է անցկացնի արդար, թափանցիկ, մրցակցային ընտրություններ։ Լեքսիկոնը ևս չի փոխվել՝ պայքարելու են մինչև վերջ, նահանջ չի լինելու, տուն չեն գնալու մինչև վարչապետի հրաժարականը և այլն։

Միակ տարբերությունը գործողություններն են։ Այս անգամ ընդդիմությունը փորձում է կրկնօրինակել 2018-ի հեղափոխության քայլերը՝ մարզերից քայլելով գալ Երևան, ապակենտրոն պայքար, փակել տարբեր փողոցներ, շրջափակել պետական շենքեր, կրկնում են Փաշինյանի տեքստերը (չի տիրապետում իրավիճակին, իրավիճակ է փոխվել, կեցցենք, որ մեր պայքարով ապրելու ենք երջանիկ Հայաստանում և երջանիկ Արցախում և այլն):

Չնայած 2018-ի քայլերի կրկնօրինակման փորձերին՝ ընդդիմությունը չի կարողանում ապահովել 2018-ին հրապարակներում եղած մարդկանց քանակն ու արագությունը։ Մարդիկ չեն միանում այս պայքարին, սակայն ընդդիմությունը հայտարարում է, որ պայքարն օր օրի թափ է հավաքում, և չեն նահանջելու մինչև Փաշինյանը հեռանա։ Իսկ ինչո՞ւ մարդիկ չեն միանում։ Հավանաբար այն պատճառով, որ հասկանում են՝ պայքարի նպատակը իշխանությունը զավթելն է։ Ընդդիմությունը խոստանում է անցկացնել արդար, թափանցիկ, մրցակցային ընտրություններ։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Դաշնակցության առաջնորդած ընդդիմությունը խոստանում է թափանցիկ ընտրություններ անցկացնել։

Սա ուղղակի զավեշտ է, ծաղր։ Մարդիկ չեն հավատում, որ 1998-ին հեղաշրջում արած, կեղծ տեղեկանքով ընտրություններին մասնակցած, ապա 2003-ին կեղծիքներով վերընտրված Քոչարյանը կարող է արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպել։ 2003-ի ընտրությունները նույնիսկ ՍԴ-ն է կասկածի տակ դրել՝ առաջարկելով մեկ տարի անց հանրաքվե անցկացնել, որը այդպես էլ տեղի չունեցավ, քանզի Քոչարյանը, ով այսօր դժգոհում է ոստիկանական գործողություններից, ուժով ճնշեց ՍԴ որոշումը իրականացնել պահանջող քաղաքացիների բողոքը։ Տրամաբանական է նաև, որ մարդիկ չեն հավատում, որ ՀՓՇ-2-ը արդար ընտրություններ կանցկացնի, քանզի շարժման շարքերում է նաև Սերժ Սարգսյանը, ով մարտի մեկի գնով զավթեց իշխանությունը, 2013-ին համատարած ընտրակաշառքներով վերընտրվեց, իսկ ապա խոստացավ չգնալ երրորդ ժամկետի, բայց՝ գնաց։

Ինչպես Արտաշես Գեղամյանն է ժամանակին ասել. «Եթե օլիմպիադա անցկացվի ընտրությունների արդյունքները կեղծելու, առաջին երկու տեղերը կզբաղեցնեն Ռոբերտն ու Սերժը։ Երրորդ, չորրորդ ու հինգերորդ տեղերը կլինեն թափուր, որովհետև դրանց մակարդակի կեղծիք անող հլը բնությունը չի ծնել»։

Եվ հիմա ընտրություններ կեղծելու «օլիմպիական չեմպիոնները» խոսում են արդար, թափանցիկ, մրցակցային ընտրություններ անցկացնելուց։

Նյութի աղբյուր՝ Civic

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ