«Կատարվածի համար պետք է պատասխանատվության կանչվեն հանրահավաքների կազմակերպիչները». Բաբաջանյան

Երեկոյան Հայաստանն ու Արցախը փրկելու հայտ ներկայացրած քվազիքաղաքական, Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք-խմբավորումների կողմից կազմակերպված հանրահավաքի մասնակիցները ոստիկանների անգործության պայմաններում և նրանց ներկայությամբ Երևանի կենտրոնում հարձակվել են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ նշելով՝ կասկած չկա, որ հարձակումը ունի քաղաքական շարժառիթ և արդյունք է երկրում ծայր առած ատելության և անհանդուրժող մթնոլորտի, որն ուղեկցվում է իրավապահ պատասխանատու մարմինների ամենաթող հայացքի ներքո։

«Կատարվածի համար պետք է պատասխանատվության կանչվեն հանրահավաքների կազմակերպիչները։

Իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն ահաբեկչական հակումներ ունեցող այս խմբակների ամենաթող վարքագիծը կանխելու ուղղությամբ»,- եզրափակել է Բաբաջանյանը։

Հիշեցնենք, որ երեկ մեր տեսախցիկը ֆիքսել էր վերոհիշյալ միջադեպը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ