11.03.2019 թվականին հրապարակված «Իրավունք» թերթում «Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաեւ Աննա Հակոբյանը» հոդվածը չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնում են վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից։
«ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը որևէ առնչություն չունի A&M հրատարակչատան հետ և Բաց հասարակությունների հիմնադրամների հայաստանյան գրասենյակից դրամաշնորհ չի ստացել:
Համաձայն ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի (Հերքման և պատասխանի իրավունք) կետերի` սույն գրությունը 12.03.2019 թվականին ուղարկվել է նաև «Իրավունք» թերթի խմբագրություն, սակայն հերքման տեքստը մինչ օրս չի հրապարակվել», — ասված է հերքման տեքստում:
Հիշեցնենք, որ 11.03.2019 թվականին հրապարակված «Իրավունք» թերթում տպագրվել էր հհետևյալ հոդվածը.
Տխրահռչակ Սորոսի հիմնադրամի դրամաշնորհների ցանկը ուսումնասիրելիս պարզվեց, որ 2000 թվականի հուլիսի 18-ին 3086 ԱՄՆ դոլար է տրվել А&M հրատարակչակա տան, որի կոնտակտային անձը համարվում է Աննա Հակոբյանը:
Գումարը տրված էր Միշել Ֆուկոյի գրքերից մեկի թարգմանության եւ 1000 օրինակ տպելու համար: Զարմանալիորեն Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը այսպիսի դեպքերի մասին նախընտրել է լռել, իսկ այնուհետեւ ընդհանրապես ջնջել է իր կայքից տրվող դրամաշորհների մանրամասները: