Վարչապետը ներկա է գտնվել Երևանի Շենգավիթ համայնքում «Գրանդ Հոլդինգ» ընկերության կողմից կառուցված բնակելի շենքի բացման արարողությանը: Շենքը կառուցվել է «Գրանդ Հոլդինգի»-ի կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրների լուծման համար:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարը շրջել է շենքի բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակարանամուտ տոնած քաղաքացիներին:
Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքում առկա է մեկից մինչև չորս սենյականոց 104 բնակարան և 92 ավտոկայանատեղի: Շենքի շինարարության համար ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է նորակառույց շենքին հարակից անմխիթար վիճակում գտնվող շենքերից մեկը, զրուցել բնակիչների հետ:
Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ առաջիկայում բնակիչներին կընդունի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ու կքննարկեն շենքի խնդիրների համատեղ լուծման հնարավորություններն ու տարբերակները: