«Բաքվի լռությունը գուցե վկայում է այն, որ պայմանավորվածության մեջ կան կետեր, որոնք ցանկալի չեն իրենց համար». Բադալյան

Փաշինյան-Ալիև հանդիպումից սպասումները շատ մեծ չէին, քանի որ կողմերի միջև հարաբերությունները մինչ այդ լարվել էին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

Նրա խոսքով՝ բրուսելյան հանդիպումից սպասումը միայն այն էր, որ այն պետք է նպաստի իրավիճակի կայուն կառավարելիությանը:

«Հանդիպումը տվեց որոշակի զգուշավոր լավատեսության հնարավորություն: Խոսվում է այն մասին, որ կան պայմանավորվածություններ՝ խաղաղ բանակցությունների պատրաստվելու: Պետք է հասկանալ, թե որքան է հնարավոր այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել»,- նկատեց նա:

Նշենք, որ երեկվա հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն՝ մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Անդրադառնալով ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին՝ Բադալյանն ասաց՝ Սոչիի հանդիպումից հետո այս մասին հայտարարեց նաև ՌԴ նախագահը, որը դեռ պետք է ստեղծվեր 2021-ի վերջին:

«Մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ, ավելին՝ իրադրությունը սահմանին շարունակեց մնալ լարված, տեղի ունեցան որոշակի միջադեպեր: Հիմա ի՞նչ երաշխիք կա, որ Եվրոպայի խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականցվի: Պետք է հասկանալ՝ ի՞նչը խանգարեց, որպեսզի իրականացվի Սոչիում ձեռք բերված համաձայնությունը, և արդյոք հիմա վերացե՞լ են այդ խանգարող հանգամանքները: Եթե վերացել են, ապա ինչո՞ւ համաձայնություն ձեռք բերվեց ԵԽ-ի, ոչ թե ՌԴ-ի միջնորդությամբ: Շատ են հարցերը, օրինակ՝ որքանո՞վ է այս ամենը համաձայնեցված Ռուսաստանի հետ: Թեպետ Բրյուսելին հաջորդած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սոչիի պայմանավորվածությունների համաձայն է քննարկվել հարցը և ձեռք բերվել պայմանավորվածությունը»,- նշեց քաղաքագետը:

Դիտարկմանը՝ այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացումը, մասնավորապես՝ Փառուխի դեպքերը, սակայն ինքն այս թեմայի հետագա քննարկումը պատեհ չի համարել բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտու մասին է, Բադալյանն ասաց.

«Խնդիրը հետևյալն է. այս հարցի բարձրաձայնումը Բրյուսելում որքանո՞վ էր արդյունավետ լինելու: Ես կարծում եմ՝ ԵԽ-ն չունի բավականին լծակ՝ էական խնդիրներին լուծում տալու համար: Սրա մասին վկայում է նաև այն, որ բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ Միշելի հայտարարություններում չէր հիշատակվում արցախյան տիրույթը: Դա ցույց է տալիս, որ Բրյուսելը պրակտիկ է գնահատում իրավիճակը, և այդ տիրույթն ուզենք թե չուզենք գտնվում է ռուսական մանդատի ներքո, և լուծումները կարող են լինել այդ դաշտում: Հետևաբար բարձրաձայնել այս հարցը զուտ բարձրաձայնելու համար, ես նպատակահարմար չեմ գտնում»:

Բադալյանի կարծիքով՝ հանդիպումից հետո պաշտոնական Բաքվի լռությունը գուցե վկայում է այն, որ համաձայնության մեջ կան կետեր, որոնք Ադրբեջանի համար այդքան էլ ցանկալի չեն:

«Շառլ Միշելի տարածած հաղորդագրության մեջ մի արտահայտություն կար, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նախապատրաստական աշխատանքը պետք է ներառի դրան առնչվող բոլոր խնդիրների և գործոնների դաշտը: Կարող ենք նկատել այն կետը, որը դիտարկում է Երևանը՝ պատասխան Բաքվի հայտնի 47 կետերի, այն է՝ Արցախի անվտանգություն, Արցախի ժողովրդի իրավունքներ և ազատություն, վերջնական կարգավիճակի հարց: Սա գուցե Ադրբեջանին այդքան էլ չի ոգևորում, և նրանք չեն կարող դա ներկայացնել իրենց հասարակությանը»,- եզրափակեց քաղաքագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ