Արմավիրում 4 երեխաների մայրը ս#անել է նորածնին, հետո մարմինը տոպրակով նետել է աղբի մեջ

1in.am գրում է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ Պ. Ե.-ի գործով կայացվել է դատական ակտ:

4 երեխաների մորը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով հետևյալ արարքի համար:

2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Պ.-ն սեռական հարաբերություններ է ունեցել ինքնությունը չպարզված տղամարդու հետ և հղիացել է:

Պ.-ի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում էր, Պ.-ն իր չորս երեխաներին պահելու միջոցներ չունենալով՝ չի ցանկացել ունենալ հինգերորդ երեխան: Բայց ժամանակին որևէ քայլ չձեռնարկելով՝ Պ.-ն հետագայում էլ որևէ բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիա չի դիմել, որպես հղի՝ չի գտնվել բժշկական հսկողության տակ:

Նա, ըստ դատական ակտի, որոշել է ծննդաբերել գաղտնի՝ տնային պայմաններում: Այդպես էլ արել է:

Ըստ դատական ակտի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը իր բնակարանում մենակ լինելով՝ Պ.-ն հասկացել է, որ ծննդաբերում է՝ պտղաջրերի հոսք է սկսվել: Նա մտել է լոգասենյակ, երեխայից ազատվելու նպատակով՝ նրան կյանքից զրկելու դիտավորությամբ Պ.-ն ծննդաբերել է կանգնած դիրքով, լույս աշխարհ է բերել արական սեռի կենսունակ երեխա: Ծնվող երեխային նա չի բռնել, ըստ դատական ակտի՝ նորածինը գլխի մասով մոր արգանդի բարձրությունից ընկել է լոգարանի սալիկապատ հատակին ու ստացել է կյանքի համար անհամատեղելի գանգուղեղային փակ, բութ վնասվածքներ:

Պ.-ն, ըստ դատական ակտի՝ դրսևորել է անգործություն, չի մոտեցել նորածնին, սպասել է որոշ ժամանակ ու մոտեցել է այն ժամանակ, երբ երեխան արդեն մահացել էր: Պ.-ն նորածնի մարմինը դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ ու առավոտյան ժամը 6-ն անց 30-ի սահմաններում գցել է շենքի բակում տեղադրված աղբամանի մեջ…

Դատարանում Պ. Ե.-ն ու նրա շահերի պաշտպանը միջնորդել են Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել: Դատարանը հաշվի է առել, որ մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով պատիժ է նախատեսվում՝ առավելագույնը՝ 5 տարի ազատազրկում:

Պ.-ի խնամքին են 4 անչափահաս երեխաներ՝ 15, 10, 6 և 2 տարեկան, երեխաներից մեկը վատառողջ է: Քրեական գործով տուժողի իրավահաջորդը քաղաքացիական հայց չի ներկայացրել, այդ հարցը դատարանը համարել է լուծված:

Դատարանը, կիառելով Համաներման ակտի համապատասխան դրույթը, Պ. Ե.-ի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը և կարճել է քրեական գործի վարույթը: Պ. Ե.-ի խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է: Պ. Ե.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 39 հազար 400 դրամ՝ որպես գործի քննության ընթացքում կատարված փորձաքննության արժեքի հատուցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ