Գումարտակի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել մարտի դաշտն ինքնակամ լքելու համար

Իշխան Վ.-ն հանդիսանալով N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ նա 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:

Գործը դատարան է ստացվել 2022 թվականի մարտի 1-ին և մակագրվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրի դատավոր Լուսինե Սեփխանյանին:

Իշխան Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի(իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) և 380-րդ հոդվածի 1-ին մասի (մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով) հատկանիշներով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ