«Մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը կզրոյացվի». Մհեր Գրիգորյան

«Մոտ 430 ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է, դա իհարկե դիսկրետ որոշում է, միջինում 6 ամիս ժամկետով է, բայց, այնուամենայնիվ, գների վրա դա դրական ազդեցություն կունենա, ուստի կարծում եմ, որ շատ ավելի մեծ էֆեկտներ կլինեն սպառողների համար»,- այսօր` մարտի 24-ին կայացած կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` խոսելով որոշակի ապրանքների մաքսատուրքերը զրոյացնելու մասին:

Նրա խոսքով, սույն որոշումն ընդունելիս իրենք այնպես են արել, որպեսզի հնարավորինս չվնասեն արտադրողների շահերը.

«Մարտի 17-ի նիստի ընթացքում իրոք աննախադեպ որոշումներ են կայացվել, իրավիճակից կախված իհարկե, բայց, այնուամենայնիվ, մենք շատ զգույշ ենք վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին, որպեսզի հանկարծ մեր արտադրողների շահերին դա ոչ մի կերպ չբախվի»,- ասաց Գրիգորյանը:

Վերջինս նշեց, որ շուտով կհրապարակվի ապրանքների հավելյալ ցանկ, որտեղ կնշվի, թե որ ապրանքները ազատված կլինեն մաքսատուրքից, եւ հավաստիացրեց, որ սույն որոշմամբ «ընդհանուր դրական ազդեցություն կունենանք եւ կկարողանանք ակնհայտորեն զսպել նաեւ գների աճը»:

Փոխվարչապետը անդրադարձավ նաեւ հաջորդ որոշմանը, ըստ որի, քվոտավորված լուծումներ են տրվել մասնավորապես էլեկտրական շարժիչով մեքենաների համար.

«Հայաստանի Հանրապետությունը 2022 թ. համար 7000 եւ 2023 թ. համար 8000 մեքենայի մասով արտոնություն ունի, հիշեցնեմ, որ մենք նաեւ ԱԱ-ից ենք ազատում այդ մեքենաները, ըստ այդմ գործարանային գնով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ իրավաբանական անձինք կարող են ձեռք բերել եւ շահագործել այդ մեքենաները»,- եզրափակեց Գրիգորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ