«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ». Նիկոլ Փաշինյան

Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից, սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում: Այս մասին կառավարության հերթական նիստին օրակարգին անցնելուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց Ադրբեջանի գործողությունները Արցախի գազամատակարարման խափանման այս ընթացքում և նշեց, որ Ադրբեջանը մարտի  21-ին, առանց պայթյունի, փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը:

Վարչապետը նկատեց, որ թե մարտի 7-ին, թե մարտի 21ին վերջին 30 տարվա մեջ աննախադեպ չափի ձյուն էր տեղացել, և ցուրտ էր Արցախում, և այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել էր մանկապարտեզները, հիվանդանոցները, դպրոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից:

«Սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Չեմ կասկածում նաև, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես, բայց այս գիտակցմամբ պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, քանի որ գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրին: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ ամեն ինչ ցույց է տալիս, որ այն  փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո հենց այս պահին Արցախում շուրջ 17 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը և խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր որդեգրած քաղաքականությունը այլընտրանք չունի, ընդհակառակը՝ իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար, բայց մենք չպետք է տրվենք այդօրինակ սադրանքների:

«Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, և մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Մարտի 10-ին Ադրբեջանի կողից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը, լրացրել ենք օրակարգը և հետևաբար այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»,- ասաց նա:

Նա նկատեց, որ թեև Հայաստանը հայտարարում է, որ առաջարկներն ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, և սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի օրակարգը խաղաղությունից շեղելն է: Նա անդրադարձավ նաև  այս առիթով ընդդիմության քննադատություններին և փաստեր ներկայացրեց նրանց նախկինում ասված խոսքերից:

«Կարծում ենք, ԼՂ հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, և պաշտպանելու ենք Արցախի հայության իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները: Իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում: Այս առուվ մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ և արձանագրել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներն արագացնելու անհրաժեշտությունը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ