«Ռուսական բանակի հնարավորությունները պետք չէ թերագնահատել, հակամարտությունն էլ տարիներով չի ձգվի». Արծրուն Հովհաննիսյան

Շուրջ մեկ ամիս է, ինչ ընթանում են ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները: Եթե հակամարտության սրման սկզբնական շրջանում փորձագետները կարծում էին՝ այն մի քանի օր կտևի, ապա այսօր դատելով զարգացումների ընթացքից՝ մի քանի ամիսների տևողության կանխատեսումներ են անում:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ երկու կողմն էլ դեռևս ուժ ունի, և համառ դիմադրություն են ցույց տալիս միմյանց:

«Ուկրաինական բանակի վրա մեծ ազդեցություն է ունենում Արևմուտքի օգնությունը, թեպետ Ուկրաինան փոքր պետություն չէ: Կանխատեսումներ պատերազմի ելքի մասին ես չեմ կարող անել, սակայն երկու կողմի համար էլ դրական արդյունքներ կան»,- ասում է Հովհաննիսյանը:

Դիտարկմանը՝ ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ռուսական կողմի ռազմավարությունը ինքը համարել էր գրագետ, հարցին՝ արդյոք այժմ նույնպե՞ս այդ կարծիքին է և ինչպե՞ս է գնահատում ուկրաինական կողմի ռազմավարությունը, Հովհաննիսյանը նշում է. «Պետք չէ թերագնահատել ռուսական զորքերին, սակայն այժմ էլ բավականին գրագետ պատերազմ է վարում Ուկրաինան: Չգիտեմ՝ այդ ռազմավարության վրա հնարավոր է՝ մեծ ազդեցություն ունեն Արևմուտքը և ԱՄՆ-ն: Կա մի հետաքրքիր ասպեկտ. ռուսական կողմն ունի շատ մեծ և հզոր բանակ, դեռ վաղ է խոսել ՌԴ-ի չիրականացված ծրագրերի մասին, սակայն, ամեն դեպքում, պատերազմն իր բնույթով մտնում է այնպիսի փուլ, որը անվանում ենք դասական պարտիզանական պատերազմ: Այստեղ կան 3 ռազմավարական գործոններ, որոնք էլ Ուկրաինան ունի»:

Փորձագետը, խոսելով այդ գործոնների մասին, նկատում է՝ առաջիններից մեկն այն է, որ Ուկրաինայի ժողովուրդը իշխանությունների հետ մեկտեղված կռվում է. «Երկրորդ, նման ուժերը ասիմետրիկ կռվի համար մշտապես արտաքին ռեսուրս են ստանում, և երրորդ, պարտիզանական կռվող կողմը միշտ նահանջելու տեղ ունի: Այս երեք հանգամանքներն Ուկրաինային հաջողություն են բերում և բարդացնում ռուսական զորքերի աշխատանքը: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ եղանակային պայմանները հօգուտ Ռուսաստանի չեն: Մեկ-երկու շաբաթ հետո ձյան հալոցքը դաշտերը, ճանապարհները և անտառները կդարձնի անանցանելի, ինչի պատճառով ռուսական զորքերի գործն ավելի կբարդանա: Ամեն դեպքում, ռուսական բանակի հնարավորությունները պետք չէ թերագնահատել, քանի որ այն աշխարհի ամենահզոր բանակցներից մեկն է»:

Դիտարկմանը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի ճանաչման հարցն այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ, հարցին՝ արդյոք այս քայլով Զելինսկին նահանջում և ընդունում է պարտությո՞ւն, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքում է. «Չէի ասի, թե սա նահանջ է կամ պարտություն: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ կողմերը Ղրիմի և Դոնբասի համար չեն կռվում: Խաղաքարտի վրա աշխարհաքաղաքական հարցեր են, Ռուսաստանի լինելիության խնդիրն է դրված՝ որպես թելադրող կայսրության, և Ուկրաինայի ինչպիսի պետություն լինելու կամ ընդհանրապես պետություն լինելու կամ չլինելու հարցն է դրված»:

Խոսելով Ուկրաինայում այս պահին տարվող մարտերի ու թեժ կետերի մասին՝ Հովհաննիսյանը նշում է.

«Մարիուպոլի մասով ամեն բան հասկանալի է, այն ծովային, հանգուցային քաղաք է: Բացի դրանից, այնտեղ կենտրոնացած են ազգայնական ուժերը, որոնք ուկրաինական բանակի հիմքն են: Դրանց չչեզոքացնել ռուսական բանակը չէր կարող, չեզոքացնելն էլ դժվար էր, քանի որ քաղաքում խաղաղ բնակչություն կա: Կիևն էլ դեռևս շարունակվում է համարվել ռազմավարական ուղղություն, որը ես համարում եմ անիմաստ, որովհետև, եթե ուկրաինական բանակը շարունակի կռվել ժողովրդի դիմադրության տեսանկյունից, դա ոչինչ չի տա ռուսական կողմին, ինչպես նաև բարդ օպերացիա է»:

Անդրադառնալով հակամարտության ավարտվելու ժամկետներին՝ Հովհաննիսյանը բացառում է հակամարտության տարիներով ձգձգումը:

«Ամիսները պետք չէ բացառել, 50/50 է հավանականությունը: Ամենից շատ հավանականը մեկ ամիսն է: Ելքի մասին խոսելն էլ շատ բարդ է, կանխատեսումներ վաղ է անելը»,-եզրափակում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ