Նիկոլի ապտակն ու Լուկաշենկոյի փողոցային պատասխանը

Փաշինյանը լրագրողների հետ զրույցում իր տարակուսանքն էր հայտնել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ՀԱՊԿ խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է նիստի մասին:

«Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է նաեւ, որ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:

«Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք՝ քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի», ասել է Փաշինյանը:

Բելառուսի պատասխանը չէր ուշացել. Այդ երկրի ԱԳՆ խոսնակի անունից տարածված հայտարարության մեջ ասվում է, թե «Հավանաբար, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազ է զգում՝ լիազորված պատժելու կամ ներելու: … Միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր կան: Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում»:

Աստանայում ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղարի ընտրության հարցում բելառուսա-ղազախական «դավադրությունը» տապալվեց Հայաստանի կոշտ դիրքորոշման պայմաններում: Այդ քայլն ուղղված էր մեծ հաշվով նաեւ Ռուսաստանի դեմ, ՀԱՊԿ-ում այսպես ասած ստատուս-քվոն փոխելու համար:

Նազարբաեւը վաղուց փորձում է «գրավել» ՀԱՊԿ-ը, որը ոչ թե դասական ռազմա-քաղաքական բլոկ է, այլ հետխորհրդային երկրների վրա Ռուսաստանի ազդեցությունը պահպանելու գործիքներից մեկը: Զուր չէ, որ Նազարբաեւը հաճախ է սկսել խոսել այսպես ասած ՀԱՊԿ-2-ի մասին, բնականաբար թյուրքական եւ մասնավորապես ղազախական գերակայությամբ, ինչին էլ ուղղված է Ադրբեջանի համար նրա անթաքույց լոբբինգը:

Նազարբաեւն իր այս ծրագրերին ներգրավել է Բելառուսին, եւ Աստանայի տապալումից հետո հասկանալի էր Նազարբաեւի նյարդային պահվածքը: Բայց եթե Նազարբաեւը զբաղված է լուրջ ռազմավարական ծրագրերով ու քաղաքականությամբ, Լուկաշենկոն փորձում է օգտագործել այս իրավիճակը Ռուսաստանից, Ադրբեջանից, ցանկացած այլ «շահագրգիռ կողմից» ինչ որ բան պոկելու համար: Լուկաշենկոյի համար «մեծ քաղաքականությունը» հանգում է ընդամենը դրան:

Զուր չէ, որ Լուկաշենկոն Աստանայից հետո հրավիրել է Ադրբեջանի դեսպանին ու փորձել արդարանալ, թե ինչու տապալվեց դավադրությունը, ինչպես նաեւ երդվել է հավատարիմ մնալ Բաքվին: Այսպիսով, Լուկաշենկոն խախտել է էթիկետի բոլոր հնարավոր նորմերը թե Աստանայում, թե դրանից հետո: Թեեւ, սա շատ մեղմ է ասված:

Այս շարքից է նաեւ Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանը, որը մատնում է այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է պաշտոնական Մինսկը:

Աստանայում Հայաստանի կոշտ դիրքորոշումը ուժեղացրեց Հայաստանի դիրքերն ու արժեքը այդ բլոկում, բացելով նոր հնարավորություններ ոչ միայն բլոկի, այլեւ դրանից դուրս քաղաքականության ասպարեզում: Միեւնույն ժամանակ, Հայաստանը փրկեց Ռուսաստանին ֆիասկոյից, որն անխուսափելի էր լինելու Նազարբաեւ-Լուկաշենկո ծրագրի իրականացման դեպքում: Իսկ դա իր գինն ունի:

Դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ նոր վեհաժողովում Հայաստանը ներկայանալու է արդեն ուժեղ դիրքերից, եւ Աստանան ունենալու է իր շարունակությունը: Հայաստանը բազմաթիվ տարբերակներ ունի, եւ բոլորն՝ անպարտելի:

Աղբյուրը՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ