«Եթե փողոցներում առևտուրը հանդուրժենք, կնշանակի, որ պետք է հանդուրժենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր լինի». վարչապետ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

Վարչապետն ընդգծել է՝ կառավարության առաջիկա կարևորագույն խնդիրն չափանիշների բարձրացումն է, դրանց համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին և այս համատեքստում կարևորել համագործակցությունը նաև Եվրոպական միության հետ, մասնավորապես՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր արտադրանքի համար ստանդարտների բարձրացումը հնարավորություն կտա իրագործել կառավարության առանցքային ծրագրային դրույթներից մեկը, որն ամփոփված է կառավարության ծրագրի նախաբանում:

«Մենք ասել ենք, որ Հայաստանի տնտեսությունը պատկերացնում ենք որպես արտահանմանը միտված:

Մինչդեռ եթե այսօր ուշադիր նայենք մեր իրավապայմանագրային դաշտը, կտեսնենք, որ մենք արտահանման ներուժն ուղղակի չենք կարողանում օգտագործել՝ մի պարզ պատճառով, որովհետև մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք ընդունված են, օրինակ, Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրասիական տնտեսական միության երկրների այլ տարածքներում:

Հետևաբար, նաև այս նկատի ունեմ, երբ ասում եմ, որ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր: Եվ ուրեմն, սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը, որը շատ կարևոր է, ունի բազմակի նշանակություն:

Դրանով մենք բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքականապես, տուրիզմի առումով և ընդհանրապես բոլոր հնարավոր առումներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ