Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ այսօր կայանալիք բանակցությունների նպատակը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այսօր կկայանան բանակցություններ։ Բանակցությունների նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ նպատակն «արդյունավետ երաշխիքներ» ստանալն է: Նա չի հստակեցրել, թե ինչ երաշխիքների մասին է խոսքը։

Զելենսկու հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության խնդիրն է հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպմանը:

«Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ անել ամեն ինչ, որպեսզի նախագահների հանդիպումը կայանա: Վստահ եմ, մարդիկ սպասում են դրան: Սա դժվար պատմություն է, դժվար ճանապարհ, բայց՝ անհրաժեշտ»,- ասել է նա՝ Պուտինի հետ բանակցությունների հեռանկարի մասին:

«Մեր նպատակն է, որ այս պայքարում, այս դժվարին բանակցային աշխատանքում Ուկրաինան ստանա անհրաժեշտ արդյունք՝ անհրաժեշտ մեզ համար, որ ունենանք նորմալ և արդյունավետ երաշխիքներ՝ խաղաղության, անվտանգության համար։ Եվ այնպես, որ ուկրաինացիները կարողանան ասել՝ սա աշխատում է, սրանք երաշխիքներ են»,- ասել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Բելառուսում արդեն կայացել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով բանակցությունների երեք փուլ։ Դրանց շնորհիվ 10-ից ավելի մարդասիրական միջանցքներ են աշխատել, կիրակի օրը տարհանվել է ավելի քան 5000 մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ