Ադրբեջանը շարունակում է Խրամորթի, Փառուխի, Խնապատի բնակչության դեմ ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենք կիրառել

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարությունը:

«Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:

ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին:

Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»:

Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 16:21-ին հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ էր արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:

Իսկ երեկ հայտնի էր դարձել, որ նախորդ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։

Խրամոթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով։

Ականանետային հարվածների հետևանքով մեկ քաղաքացիական անձ էր վիրավորվել:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա գիշերն ու առավոտյան ընդհանուր առմամբ 23 հատ ական է արձակվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ