Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ֆինասավորման և երկրորդ ծրագրի վարկային համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում ձեռք բերված անասնաբուժական սարքավորումների, գործիքների, գյուղատնտեսական տեխնիկայի և կառուցված ջրարբիացման համակարգերի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ծրագրերով աջակցություն է ցուցաբերվել համայնքներում և ֆերմերային տնտեսություններում իրականացվող անասնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտին, համայնքների արոտավայրերի ջրարբիացման բարելավմանը և ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին գյուղատնտեսական տեխնիկայով ապահովմանը:
Որոշմամբ՝ ձեռք բերված անասնաբուժական սարքավորումներն ու գործիքները կնվիրաբերվեն «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին:
Վերջինս այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի համաձայնագրի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված, համայնքներում անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին, ջրարբիացման համակարգերը կնվիրաբերվեն նույն համայնքներին, իսկ արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների համար ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկան` համապատասխան կոոպերատիվներին:
Արդյունքում՝ առնվազն 20 համայնքի անասնաբույժ կապահովվի անասնաբուժական նորագույն սարքավորումներով ու գործիքներով, 12 համայնքի արոտավայր կապահովվի ջրարբիացման համակարգով, արոտօգտագործողների 19 սպառողական կոոպերատիվ կապահովվի գյուղատնտեսական տեխնիկայով: