Նիկոլին փորձել են կոտրել, նա ասել է՝ «եկեք տեսնենք՝ ով կհաղթի» .

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով իր խոսքերը՝ Յուրի Դրակոխրուստը բացատրեց՝ իր միտքն այն չէ, որ Փաշինյանը ահ ու սարսափ է Նազարբաևի կամ Լուկաշենկոյի ավտորիտար վարչակարգերի համար։ Հայաստանում տեղի ունեցածը գուցե անհանգստացնում է նրանց, բայց չի վախեցնում, քանի որ այս առաջնորդներն առայժմ վախենալու բան չունեն երկրի ներսում։ Պարզապես, ըստ բելառուսցի վերլուծաբանի, Նազարբաևն ու Լուկաշենկոն, որպես փորձառու պոլիտիկաներ, ռուսական ժարգոնով ասած՝ ուզում են «կոտրել» նորեկ Փաշինյանին՝ ինչպես բանակում հին ծառայողներն են փորձում «դաստիարակել», իրենց կանոնները պարտադրել նորակոչիկներին։

– Պարոն Դրակոխրուստ, Դուք ասել եք, թե ՀԱՊԿ-ի առաջնորդներին ամենից շատ վախեցնում է այն, որ Հայաստանում խախտվել է իշխանության անփոխարինելիության սկզբունքը։ Այսինքն՝ սա եղել է Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշման վրա ազդած գործոններից մեկը։

– Այո, ես կարծում եմ, որ դա նրանց որոշման դրդապատճառներից մեկն է։ Այսինքն՝ եթե Հայաստանի ղեկավարը շարունակեր մնալ Սերժ Սարգսյանը, և նա ինչ-որ պատճառով որոշեր հետ կանչել Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա գործընկեր պետությունները դժվար թե այդպես արձագանքեին։ Իսկ մյուս գործոնը, ըստ իս, այն է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ գրված է, որ անդամ երկիրը բացառիկ իրավունք ունի ցանկացած պահի հետ կանչել իր ներկայացուցչին միջազգային չինովնիկի պաշտոնից, այդ պատճառով էլ առաջացել է որոշակի բախում։

Այսինքն՝ Հայաստանի ԱԳՆ-ի իրավաբաններն ասում են՝ որ ըստ կանոնադրության՝ մենք կարող ենք հետ կանչել մեր ներկայացուցչին, իսկ Աստանայի, Մինսկի իրավաբաններն ասում են՝ ոչ, մեր կարծիքով՝ եթե առաջադրել եք ձեր թեկնածուին, ընտրել եք նրան՝ հետո չեք կարող հետ կանչել նրան՝ առանց մյուս անդամների համաձայնության։ Իսկ իրականում այս ամենի տակ կա քաղաքական լուրջ կոնֆլիկտ։ Եթե Հայաստանի ղեկավարը Փաշինյանը չլիներ՝ գուցե չկարևորեր այս հարցը։ Բայց քանի որ Հայաստանի ղեկավարը հեղափոխական է, նա ասում է, որ «ես չեմ ուզում, որպեսզի նախկին ռեժիմի ներկայացուցիչը զբաղեցնի այդ պաշտոնը»։ Իսկ նրա ընդդիմախոսները՝ Նազարբաևն ու Լուկաշենկոն, ասում են՝ ոչ, մենք համաձայն չենք։

– Խնդիրը հենց դա է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ չկա իրավական այն մեխանիզմը, որը թույլ կտա օրինական ճանապարհով լուծել նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը՝ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում։ Բայց չնայած այս հանգամանքին՝ Նազարբաևը հայտարարեց, թե ՀԱՊԿ-ի հաջորդ նիստին գլխավոր քարտուղար կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը։

– Սա քաղաքական գործընթաց է, քաղաքական կոնֆլիկտ։ Դուք ճիշտ նկատեցիք՝ ինչպե՞ս պիտի լուծվեն նմանատիպ կոնֆլիկտները, եթե համապատասխան մեխանիզմն ամրագրված չէ կանոնադրության մեջ։ Պատասխանը շատ պարզ է՝ պայքարի արդյունքում ով հաղթի՝ նա էլ կշահի։ Դա տավտոլոգիա է։ Եվ ընդհանրապես ամեն հարցի վերաբերյալ նորմեր, մեխանիզմներ ամրագրելը բավական դժվար է։ Մի քանի տարի առաջ Վարշավան բավական կտրուկ ձևով պահանջեց, որ Դոնալդ Տուսկը հետ կանչվի Եվրոպական միության նախագահի պաշտոնից։ Չեմ ասի, թե իրավիճակները նույնական են, բայց փաստարկը նման է Նիկոլ Փաշինյանի առաջադրած փաստարկին։ Լեհաստանը հայտարարեց, որ Տուսկը կորցրել է ընտրողների վստահությունը, ուստի նա չի կարող մնա Եվրամիության ղեկավարի պաշտոնում, ինչին եվրոպական «գրանդները» պատասխանեցին, թե դուք այսպես եք հարցին, իսկ մենք՝ այնպես, ուստի Տուսկը կմնա իր պաշտոնին։

Ամբողջական հոդվածը՝  «Առաջին լրատվական»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ