Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Վրաստանի նախագահի առանձնազրույցը:
Ողջունելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Հարգելի տիկին նախագահ,
ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը ողջունել Հայաստանում: Ես կարծում եմ, որ ներկայում մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք:
Որպես վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Վրաստան, և դա ընդգծում է մեր կառավարության և անձամբ իմ առանձնահատուկ ուշադրությունը և կարևորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ:
Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա և ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել: Եվս մեկ անգամ բարով եք եկել»: