ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Արցախում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում առաջին անգամ փորձեց որոշակիացնել ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում Հայաստանի դիրքորոշումները: Այն կարևոր էր որպես մեսիջ ներքին լսարանի համար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության համար և վստահ եմ նաև ադրբեջանցիների համար:
Ի՞նչ է փաստացի ասում Հայաստանի վարչապետը. Նախ, նշում է, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում քմահաճույք չէ, ոչ էլ նախապայման, այլ առանցքային հանգամանք է: Համաձայնվելով Փաշինյանի հետ նշեմ, որ իրականում այս մոտեցումը կարևոր հանգամանք է և առավել քան ակնհայտ է: Բանակցությունները կարող են լիարժեք և արդյունավետ լինել, երբ Արցախը ևս, որպես լիիրավ կողմ կմասնակցի դրանց:
Հայկական կողմն անընդհատ պնդել է, որ որևէ տարբերակ ընդունելի լինել չի կարող, եթե Արցախը որոշիչ մասնակցություն չունենա բանակցային գործընթացում: Եթե մեր իշխանությունները հենց հիմա են ուզում Արցախին ներգրավվել, ապա նախ անհրաժեշտ է դիվանագիտական ու քաղաքական խողովակներով համոզել պաշտոնական Մոսկվային, Փարիզին և Վաշինգտոնին ընդունել այս մոտեցումը և դրանով հանդերձ համոզել կամ նույնիսկ պարտադրել Ադրբեջանին, որպեսզի վերջինս կարգավորման տարբերակների շուրջ բանակցի նաև Արցախի իշխանությունների հետ:
Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանի կառավարությանը իրականացնել դա թե՞ ոչ, դեռևս հարց է: Իսկ կընդունի՞ այս մոտեցումը Ադրբեջանը թե՞ ոչ, էլ ավելի մեծ հարց է: Այնուամենայնիվ, անկախ նրանից թե կողմերից ո՞վ, ինչպիսի՞ վերաբերմունք կունենա Արցախի մասնակցությանը այս փուլում՝ այդ հարցը միշտ անհրաժեշտ է բարձրացնել՝ առանց ապակառուցողականության դաշտ մտնելու: Երկրորդ ուշագրավ հանգամանքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքների և 6 տարրերի՝ որպես բանակցային գործընթացի հիմք ՀՀ կառավարության համար ընդունելի լինելու կամ չլինելու վերաբերյալ հարցադրումն է:
X
Պատճառը, ըստ Փաշինյանի՝ կողմերի միջև առկա տարընթերցումներն են և փաստորեն այստեղ նա ակնկալում է, որ բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Կարելի է ենթադրել, որ վարչապետը բանակցություններում ձգտելու է հասնել մի փաստաթղթի, որտեղ արձանագրվելու են սկզբունքների և տարրերի նշանակությունները գործնականում: Այսինքն` կողմերի իրավասություններն ու դրանց գործողությունների փաստացի նկարագրությունները, իրականացման հաջորդականությունը, ժամկետները, ձևերը, երաշխիքները, իրավական ընթացակարգերը, բոլոր տիպի գործողությունների համար մասնակից ու պատասխանատու սուբյեկտները և այլն:
Այդ դեպքում ի՞նչի մասին էր կազանյան տարբերակը, կամ դրան հաջորդած մյուս տարբերակները, եթե ոչ հենց այդ սկզբունքների ու տարրերի գործնական նշանակության հստակեցման: Իսկ վարչապետի կարծիքով, ինչի՞ շուրջ էին մինչ այժմ ընթանում բանակցությունները: Արդյոք հենց այդ հստակեցմանն ուղղված աշխատանքներն ու միջնորդական ջանքերը չէր շարունակ վիժեցնում Ադրբեջանը: Թե՞ նախորդ բանակցողները հաճույք էին ստանում բնականությունների անընդհատությունից ու հակամարտության ձգձգվածությունից: Ինչևիցե, վարչապետի այս հայտարարությունը վկայում է, որ նա գնում է բանակցությունների և հուսամ, որ գիտի թե ինչի՞ համար է գնում:
Սա կարևոր է: Եվ երրորդ առանցքային շեշտադրումը Նիկոլ Փաշինյանի ելույթում՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հատկապես, որ մենք պետք է ոչ միայն մեզ, այլ նաև ադրբեջանցիներին պատրաստենք խաղաղության: Սա հետաքրքիր է, անձամբ ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս պետք է ադրբեջանցիներին պատրաստեմ խաղաղության:
Գուցե նրա համար, որ նախորդ քսանհինգ տարիներին անընդհատ պայքարել եմ նրանց դեմ, ռազմական, քաղաքական, դիվանագիտական, հասարակական, տեղեկատվական բոլոր հարթություններում և դրա համար ունեցել եմ բազմաթիվ պատճառներ: Ես բոլորից շատ եմ ուզում կայուն ու երկարատև խաղաղություն, բայց միևնույն է դեռևս չգիտեմ թե ինչպե՞ս պետք է ադրբեջանցիներին պատրաստեմ խաղաղության: Պատերազմի՞ միջոցով, թե՞ երկխոսության: Վստահ չեմ, որ իմ խաղաղարար կոչերը ազդեցիկ կլինեն ադրբեջանցիների համար, և նրանք վերջապես հանգիստ կթողնեն Արցախին: Իսկ գուցե մեր իշխանություններին կլսե՞ն նրանք: Կյանքը ցույց կտա: Նիկոլ Փաշինյանին հաջողություն մաղթենք առաջիկա բանակցություններում, մենք էլ զենքներս վայր չդնենք ու Արցախի հարցում կանգնենք մեջքին:»
Ստորև Ձեզ ենք ներկայացնում ՀՀ վարչապետ Նիոլ Փաշինյաի ելույթը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:
Փաշինյանին հաջողություն մաղթենք առաջիկա բանակցություններում, մենք էլ զենքներս ձեռքներիս պահենքԱրցախում տեղի ունեցած ՀՀ…
Posted by Artak Zakaryan on Tuesday, March 12, 2019